կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-24 13:24
Իրավական

ԵԿՄ փոխնախագահը սպանվել է Էջմիածնի կենտրոնում. քաղաքապետարանը մեղադրում է Ճոյտի սադրիչներին

ԵԿՄ փոխնախագահը սպանվել է Էջմիածնի կենտրոնում. քաղաքապետարանը մեղադրում է Ճոյտի սադրիչներին

Երեկ սպանություն է տեղի ունեցել Էջմիածնի կենտրոնում: Ժամը 18.55-ին «Վաղարշապատ» ԲԿ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք, թափանցող միջնորմ՝ պերիկարդի և միոկարդի վնասումով, սրտի տամպոնադայով երրորդ- չորրորդ աստիճանի շոկ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Վաղարշապատի բնակիչ` 46-ամյա Նվեր Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը ԵԿՄ փոխնախագահն էր, Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակից:

Ավելի ուշ բժշկական կենտրոնից տեղեկացրել են,որ վիրահատության ժամանակ՝ ժամը 21.45-ի սահմաններում, Ն.Հովհաննիսյանի մոտ արձանագրվել է սիրտ-անոթային սուր անբավարարություն և կենսաբանական մահ:

Yerkir.am-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, ստեղծվել է քննչական խումբ:

Մեզ հայտնեցին, որ քրեական գործով Ն. Հովհաննիսյանը ճանաչվել է տուժող: Քննությամբ պարզվել է, որ Ն.Հովհաննիսյանին կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքն պատճառվել է Վաղարշապատի հրապարակում՝ Կոմիտասի արձանի մոտակայքում։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստները, հարցաքննվել` մի շարք անձինք: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հիշյալ դեպքի կապակցությամբ հայտարարություն է տարածել նաև Էջմիածնի քաղաքապետարանը: Քաղաքապետարանը հայտնել է, որ որոշ տարրեր ակնհայտ ապատեղեկատվություն է տարածվել, թե իբր Նվեր Հովհաննիսյանը խոչընդոտել է բողոքող ցուցարարների երթին, որպեսզի չգնան Երեւան:

«Որոշ անձինք, ցանկանալով օգտվել ստեղծված իրավիճակից, Էջմիածնի հրապարակում կատարել են սադրիչ գործողություններ եւ հայտարարություններ` փորձելով խաղաղ բնակիչներին դրդել անօրինական գործողությունների: Սադրիչներին էլ առաջնորդում էր նախկինում եւս նման աշխատաոճով աչքի ընկած, քրեական անցյալ ունեցող, պետությունից հարկեր թաքցնելու, այլ մեքենայությունների համար մի քանի անգամ դատարանի օրինական վճռով մեղավոր ճանաչված նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտ»,- ասված է քաղաքապետրաանի տարածած հայտարարության մեջ: