Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր արտառոց դեպք է տեղի ունեցել Էջմիածնում: Yerkir.am-ի լրագրող Լիա Սարգսյանը՝ նկատելով, որ «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության Էջմիածնի գրասենյակի պատերին փակցված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարբերանշաններով և Փաշինյանի նախընտրական կարգախոսներով գրությամբ պաստառներ, այցելել է գրասենյակ՝ պարզաբանում ստանալու համար, թե ի՞նչու է ապաքաղաքական և ռազմահայրենասիրական կառույց համարվող ԵԿՄ-ի գրասենյակը ծառայեցվում իշխանական նախընտրական քարոզչամեքենային, կամ ինչո՞վ է պայմանավորված, որ ԵԿՄ-ի գրասենյակի պատերը ողողված են իշխանական նախընտրական կարգախոսներով գրությամբ պաստառներով:
Լսելով հարցադրումը՝ գրասենյակում գտնվող մի քանի տղամարդիկ, հանցանքում բռնվածի վարքագծին հարիր ագրեսիվ պահվածք դրսևորելով, հարձակվել են Լիա Սարգսյանի վրա, քաշքշել, հրմշտել, խփել հեռախոսին, վիրավորել, անվանել «դավաճան», «խոպանչի», «շանտաժիստ» և այլն: Լիա Սարգսյանը փորձել է քաղաքակիրթ կերպով կրկնել հարցադրումները և ստանալ բացատրություններ, սակայն դավաճան իշխանությանը և նրանց կամակատար Սասուն Միքայելյանին ծառայող ԵԿՄ-ականները, իրենց ներկայացնելով «ազգափրկիչ ֆիդայիներ», շարունակել են վայրենաբարո բղավոցներով, փողոցային բառապաշարով («դավա՛յ էղի ստուց» և այլն) ու միջնադարյան սպառնալիքներով դուրս քշել լրագրողին:
Լրագրողի փոխանցմամբ՝ հարձակումն իրականացրել է ԵԿՄ Էջմիածնի գրասենյակի նախագահ ներկայացող ոմն Արմեն Շահբազյանը և պատասխանատու ներկայացած ոմն Արթուր անունով մեկը:
Լրագրողը հասցրել է ձայնագրել Էջմիածնի ԵԿՄ-ականների հիշյալ պահվածքը ներկայացնող որոշ հատված, որը ներկայացնում ենք ստորև:
Yerkir.am-ի խմբագրությունը դատապարտում է «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության Էջմիածնի գրասենյակի նախագահի և ներկայացուցիչների նման այլանդակ վարքագիծը և հայտնում, որ լրագրող Լիա Սարգսյանը դիմել է ոստիկանություն՝ լրագրողի մասնագիտական աշխատանքին խոչընդոտողներին, վիրավորողներին, հրմշտողներին ու անվանարկողներին օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու համար: