կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-25 13:29
Քաղաքական

ԵԿՄ-ն բրենդ է, Ալիևը վախենում է միայն երկրապահի անունից. ԵԿՄ փոխնախագահ

ԵԿՄ-ն բրենդ է, Ալիևը վախենում է միայն երկրապահի անունից. ԵԿՄ փոխնախագահ

ԵԿՄ-ն առաջիկայում կմաքրվի: «Երեկվա արտահերթ նիստում էլ 65 հոգու կհանեինք, ուղղակի որոշակի արարողակարգ է պահանջվում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ փոխնախագահ Համլետ Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ ԵԿՄ-ին անդամակցությունը կասեցվում է՝ հաշվի առնելով երկրապահի հաճախելիությունը նիստերին, ակտիվությունը, այսինքն՝ միայն կարգապահական կողմն են հաշվի առնում:

Հարցին, թե հնարավո՞ր է, օրինակ, Սուրիկ Խաչատրյանին առաջիկայում հեռացնեն ԵԿՄ շարքերից, Հայրապետյանը պատասխանեց` ոչ, նրա անունը չկա 65 հոգանոց ցուցակում: «Մենք դատավոր չենք, որ որոշենք՝ ով է կաշառակեր, ով ինչ գործի մեջ է խառը, որ հանենք ԵԿՄ շարքերից: Սուրիկ Խաչատրյանը պարտաճանաչ մասնակցում է մեր հավաքներին, ինչո՞ւ պետք է նրան հեռացնենք: Բացի այդ՝ Խաչատրյանի դեմ տարիներ է՝ դատական գործեր են հարուցված, դե, թող ապացուցեն, որ նա հանցագործ է, մենք էլ կասեցնենք նրա անդամակցությունը»,- ասաց ԵԿՄ փոխնախագահը:

Նա տեղեկացրեց նաև, որ ԵԿՄ-ն շուրջ 72 000 անդամ ունի, և վերջին օրերին անդամակցությունը կասեցնելու դիմումներ չեն ստանում, այլ, հակառակը, մի շարք մարդիկ ԵԿՄ-ին անդամակցելու համար փաստաթղթեր են ներկայացրել իրենց:

Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե ԵԿՄ-ն լուծարվելու է կամ անվանանափոխվի, ԵԿՄ փոխնախագահն ասաց, որ անձի խնդիրը չպետք է փաթաթել կառույցի գլխին: «ԵԿՄ-ն բրենդ է, և անվանափոխության հետ կապված պետք չէ որոշակի փոլիսոփայություններ անել: Մեկի պատճառով մնացած՝ ազնիվ ու պարզ, հայրենիքի համար արյուն թափած մարդկանց համա՞ր անվանափոխենք ԵԿՄ-ն: Բացի այդ՝ Ալիևը վախենում է միայն երկրապահի անունից»,- նշեց նա: