Փոխարժեքներ
05 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.09 |
EUR | ⚊ | € 421.97 |
RUB | ⚊ | ₽ 3.91 |
GBP | ⚊ | £ 501.63 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի ելույթը Ազգային ժողովի հատուկ նիստում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ:
Հարգելի խորհրդարան,
Հարգելի պարոն Սարգսյան,
Ես անցյալից չեմ խոսի: Մինչև այժմ արված-չարվածի գնահատականը պատմությունն ու ժամանակն են տալու: Տալու են և՛ մեր սերնդին, և՛ գլխավոր դերակատար անձանց: Տալու են՝ գրանցելով նաև այն արդյունքները, որ այս ընտրությամբ հնարավորություն է ստանում իրականացնել Սերժ Սարգսյանը: Տալու են մեկնելով մի չափանիշից՝ ինչպիսի՛ Հայաստան ու հասարակություն ենք ունենալու:
Կխոսեմ այն խնդիրներից, որ ծառացած են մեր պետականության առաջ և որոնք, այս փուլում, կարծում եմ, ճշգրիտ են ձևակերպված:
Միշտ ասել եմ՝ առաջիկա տարիներին կատարվելիքի հիմքում երեք հիմնարար փաստաթղթեր են՝ նոր Սահմանադրությունը՝ իր համակարգային փոփոխություններով, այս գումարման Ազգային ժողովի առաջին նիստում Հանրապետության նախագահի ելույթը և Հանրապետական ու Դաշնակցություն կուսակցությունների երկու համաձայնագրերը՝ համատեղ պատասխանատվություն ստանձնելու, երկրում որակական, արմատական բարեփոխումներ կատարելու նպատակադրումով:
Ի՞նչ է ենթադրում նոր Սահմանադրությունը, որո՞նք են նպատակներն ու խնդիրները՝ ոչ իմ ձևակերպմամբ:
Սահմանադրական փոփոխությունները լավ հիմք են պետությունում քաղաքական, տնտեսական և վարչական ներուժի սերտաճումը բացառելու համար:
Սահմանադրական բարեփոխումները նոր փուլ են իրավունքի գերակայության, մարդու հիմնական իրավունքների ու ազատությունների երաշխավորման ճանապարհին:
Մենք այսօր պայքարի երկու ճակատ ունենք՝ մեկն արտաքին թշնամին է, մյուսը՝ ներքին: Արտաքին թշնամուն լավ ենք ճանաչում, գիտենք նրա դեմ արդյունավետ պայքարելու ձևերն ու եղանակները:
Արտաքին թշնամուց ոչ պակաս վտանգավոր է ներքին թշնամին: Ներքին թշնամին, որոշակի մտածողություն ու որոշակի երևույթներ են: Այդ երևույթներից ամենավտանգավորը անարդարությունն է:
Անարդարությունը ցանկացած պետության համար չարիք է, հիվանդություն, որը հյուծում ու թուլացնում է պետությունը, որը վերացնում է ապագայի նկատմամբ հավատը, թուլացնում է պետության նկատմամբ սերը, պետությունից վանում է իր հազարավոր զավակներին: Մենք այսօր, առավել քան երբևէ, պայքարի մեկ այլ ճակատ ունենք, որտեղ հաղթանակը ոչ պակաս կարևոր է: Մենք այսօր պատերազմի նոր փուլ ենք հայտարարում անարդարությանը:
Պետությունը շարունակում է հասարակության և անհատի մեջ արմատավորել «կոռուպցիայի հանդեպ զրո հանդուրժողականություն» մշակույթը: «Ազնվություն գումարած պրոֆեսիոնալիզմ հանած կոռուպցիա». սա է ցանկալի հաջողության բանաձևը:
Էական նշանակություն ունի եկամուտների բաշխման արդարության և համաչափության ցուցանիշների բարելավումը, որ հասարակության բոլոր խավերի համար տեսանելի և շոշափելի լինեն տնտեսական աճի արդյունքները:
Մեծամասնություն լինել չի նշանակում բոլոր հարցերի ճիշտ լուծումներն իմանալ: Քաղաքական մեծամասնությունն ու քաղաքական փոքրամասնությունը ոչ թե հակառակորդներն են, այլ մեր պետության առաջ կանգնած խնդիրների լուծման տարբեր ճանապարհներ տեսնող մարդիկ:
Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնությամբ, համագործակց-աբար, ուս ուսի տված, տարբեր մոտեցումների համադրմամբ, մենք կարող ենք հասնել արդյունավետ լուծումների: Մեր ուժը մեր բազմակարծության մեջ է:
Արցախի հարցում ստատուս-քվոյի փոփոխությունը մեզ համար ընդունելի է, բայց միայն ու միայն հիմնահարցի համապարփակ կարգավորման դեպքում: Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման ու ժողովրդի անվտանգության երաշխավորման ամրագրումն այլընտրանք չունի»։
Այս ընդարձակ հատվածից առաջ ասացի՝ ոչ իմ ձևակերպմամբ: Այո, այս մեջբերումները Ազգային ժողովում Հանրապետության նախագահի 2017թ. մայիսի 18-ի ուղերձից էին:
Հիմա մենք պարոն Սարգսյանին ընտրում ենք վարչապետ՝ հսկայական խնդիրների ա՛յս բեռով ու պատասխանատվությամբ: Նաև՝ մեջբերումներով վստահ, որ ինքն ամենից լավ է պատկերացնում մարտահրավերները, տեսնում անցնելիք դժվար ճանապարհը:
Այստեղ գովերգումներն ու հաճոյանալը տեղին չեն, տեղին է յուրաքանչյուրիս՝ մեր բաժին պատասխանատվության ստանձնումն ու ամենօրյա աշխատանքը: Մանավանդ վերջերս պարոն Սարգսյանը խոսել է այս ընթացքում իր անհատական բացառիկ պատասխանատվության մասին:
Այս ընտրությամբ մենք նաև բացառում ենք ստվերային կառավարման հնարավորությունը, երբ գործադիր իշխանությունը կղեկավարեր մեկը, բայց որոշումները կկայացվեին այլ տեղում:
Հարգելի խորհրդարան,
Այսօր Հայաստանի քաղաքացիների մի մասը տարբեր պատկերացում ունի մեր ճանապարհի վերաբերյալ: Իրենց իրավունքն է: Բայց միայն Հրանտ Մաթևոսյանի՝ «քո ազատության սահմանը մինչև իմ ազատության սահմաններն են» գիտակցումով: Ես վստահ եմ՝ մեր համատեղ առաջադրած նպատակներն ու հետևողական աշխատանքն են ապահովելու երկրի բնականոն զարգացումն ու անվտանգությունը: Մեր մոտեցումներն ավելի փաստարկված են ու գործուն:
Հարգելի պարոն Սարգսյան,
Ձեզ մաղթում եմ կամք, իմաստնություն և վճռականություն: Որ երբ գա ժամանակը, կարողանաք հանգիստ խղճով ասել՝ ճակատագրով ինձ վիճակված բեռը տարել եմ պատվով ու պատասխանատվությամբ. Հայաստանը ուժեղ, ազատ, արդար երկիր դառնալու անշրջելի ճանապարհին է:
17.04.2018թ.