կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-11 14:38
Քաղաքական

Առաջարկվում է, որպեսզի դեղատներն ու ֆիզիկական անձինք ևս կարողանան դեղ ներմուծել. քննարկում

Առաջարկվում է, որպեսզի դեղատներն ու ֆիզիկական անձինք ևս կարողանան դեղ ներմուծել. քննարկում

ԱԺ-nւմ քննարկվում է «Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը: Հիմնական զեկույցով հանդես եկավ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը: Նա հայտնեց, որ նախագծով առաջարկվում է` այն հիվանդանոցները, որոնք ունեն դեղերի պահպանման համապատասխան ծառայություններ,  իրենց համար անհրաժեշտ դեղերը ներկրելու հնարավորություն ունենան: Հակոբյանը նշեց, որ հիմա օրենքը թույլ է տալիս ՀՀ դեղեր ներկրել միայն մեծածախ լիցենզիա ունեցողներին:

«Հիմա հարց` արդյո՞ք ՀՀ բժշկական կազմակերպությունները, որոնք զբաղված են առողջապահության պահպանման բժշկական ծառայությունների մատուցմամբ, իրավունք ունեն դեղ ներկրելու, թե՞ ոչ, փաստորեն՝ ոչ: Նրանք պետք է մեծածախ շուկայից դեղը գնեն, որպեսզի կարողանան իրենց բնականոն գործունեությունն ապահովել: Մենք առաջարկում ենք, որպեսզի հիվանդանոցներին, որոնք ունեն դեղը պահելու վայր,  ՀՀ դեղ ներմուծելու հնարավորություն տանք` ուղիղ, առանց մեծածախ գնորդին դիմելու»,- ասաց նա և վստահեցրեց, որ սա կհանգեցնի դեղերի գների իջեցման:

Հակոբյանը նշեց, որ այս փոքր քայլով հիվանդանոցներին  ավելորդ անգամ ծախսեր չկատարելու հնարավորություն կտրվի: Պատգամավորը համոզված է, որ դա կհանգեցնի հիվանդանոցներում գների իջեցմանը:

Նրա խոսքով` պետք է նաև ֆիզիկական անձանց թույլ տրվի դեղ ներմուծել: «Մենք հայ ենք, և մեր սովորույթի մեջ մտնում է, առավել ևս, որ մեր երկում դեղերը թանկ են, հարևան Վրաստանի համեմատ, ծնողի, երեխայի, հարազատի համար դեղ բերելը: Մենք երկրորդ ընթեցման ռեժիմով «ծնող, որդի» բառերը կհանենք, և յուրաքանչյուր ֆիզիկական անձի ուղղակի թույլ կտանք այն չափաբաժինը բերել, որը օրենքով թույլատրված է, որ հարց չլինի, թե` ում համար ես բերում, փաստաթուղթ ցույց տուր, այսինքն՝ սխեման հեշտացնում ենք»,- ասաց պատգամավորը:

Նշենք, որ հանձնաժողովի նիստում ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը դեմ էր արտահայտվել նախագծին` նշելով, որ հիվանդանոցները չունեն այն անհրաժեշտ պայմանները, որոնք լիցենզավորման դեպքում պահանջվելու է, քանի որ դա տեղափոխման պատշաճ պայմաններ ապահովելն է: