կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-30 22:30
Հասարակություն

Ֆիզիկական խնդիրներ ունեցող անձինք ի՞նչ անհրաժեշտ փոփոխություններ պետք է կատարեն տրանսպորտային միջոցի վրա

Ֆիզիկական խնդիրներ ունեցող անձինք ի՞նչ անհրաժեշտ փոփոխություններ պետք է կատարեն տրանսպորտային միջոցի վրա

Կառավարության վաղվա նիստի օրակարգում առողջապահության նախարարությունը ներառել է լրացում կառավարության հետևյալ որոշման մեջ.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18–ի Վարորդական վկայական ունեցող և վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման կարգը, այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոց, բժշկական հավատարմագրման մասին տեղեկանքի ձևը, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

մեկ աչքի բացակայության դեպքում հարմարեցված տրանսպորտային միջոց է հանդիսանում  կայանման ձայնային  ազդանշանային համակարգով կահավորված տրանսպորտային միջոցը: Վերին կամ ստորին վերջույթի, դաստակի կամ ոտնաթաթի բացակայության, շարժումները սահմանափակող` դաստակի կամ ոտնաթաթի ձևախախտումների, ինչպես նաև վերջույթի ֆունկցիաների խիստ խանգարման հանգեցնող ձեռքերի մատների կամ ֆալանգների ձևախախտումների և արատների դեպքում հարմարեցված տրանսպորտային միջոցների տեխնիկական տեսանկյունից հարմարեցվածությունը գնահատվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության կողմից` հիմք ընդունելով Ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներ. Ձեռքերի և ոտքերի ֆունկցիաների խանգարմամբ հաշմանդամ վարորդների համար կառավարման մարմիններ. տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ» միջպետական ստանդարտը»:

 Մասնավորապես, ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվում է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոց: Մասնավորապես այդպիսին են՝ աչքի բացակայությունը, վերին կամ ստորին վերջույթի, դաստակի կամ ոտնաթաթի բացակայությունը, շարժումները սահմանափակող` դաստակի կամ ոտնաթաթի ձևախախտումն, ինչպես նաև ձեռքերի մատների կամ ֆալանգների ձևախախտումները և արատները, որոնք հանգեցնում են վերջույթի ֆունկցիաների խիստ խանգարման՝ բացառությամբ անձի հնարավորություններին հարմարեցված տրանսպորտային միջոցներ վարելու դեպքերի:

Սակայն որոշումով չի կարգավորում այն հարցը, թե վերոնշյալ ֆիզիկական խնդիրներ ունեցող անձն ի՞նչ անհրաժեշտ փոփոխություններ պետք է կատարի տրանսպորտային միջոցի վրա, որպեսզի իրավասու մարմինն այն համարի անձի հնարավորություններին հարմարեցված:

ՀՀ քաղաքացիների կողմից շարունակաբար բարձրացվում է ֆիզիկական հաշմանդամություն ունեցող որոշ անձանց վարորդական իրավունքի վկայական ստանալու համար բժշկական հավատարմագրման հարցի կարգավորման անհրաժեշտությունը: Գործող կարգավորումների պարագայում խախտվում է իրավական որոշակիության սկզբունքը, ինչի արդյունքում անձինք զրկվում են իրենց իրավունքների իրացման հնարավորությունից, քանի որ գործնականում հանդիպում են դեպքեր, երբ տվյալ անձանց մերժում են վարորդական իրավունքի վկայական ստանալը և/կամ փոխելը՝ հիմք ընդունելով  սահմանված այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոց:

Հարցը դեռևս 2014 թվականից բարձրացվում է նաև Հայաստանի Հանրապետության  մարդու իրավունքների պաշտպանի կողմից; այդ խնդիրը տեղ է գտել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2014 և 2015 թվականների տարեկան հաղորդումներում:

Նախագծի կարգավորման նպատակն է վերացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18 –ի N 1327-Ն որոշման մեջ առկա բացերը, հստակեցնել խնդրահարույց կարգավորումները:

Նախագծի ընդունմամբ կապահովվի Հայաստանի Հանրապետությունում գործող վարորդական իրավունքի վկայական ունեցող և վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման` միջազգային չափորոշիչներին համապատասխան կարգ, որի արդյունքում կհստակեցվի ֆիզիկական խնդիրներ ունեցող անձինք ի՞նչ անհրաժեշտ փոփոխություններ պետք է կատարեն տրանսպորտային միջոցի վրա, որպեսզի իրավասու մարմինն այն համարի անձի հնարավորություններին հարմարեցված: