կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-03 19:10
Իրավական

Ինչ մեքենայով են տեղափոխել Չարբախում սպանված Գևորգին. լուսանկարներ

2016 թվականի նոյեմբերի 13-ին Չարբախում տեղի ունեցած` երկու անձի աղմկահարույց սպանության գործով այսօրվա դատական նիստը տեղի ունեցավ արտագնա` ՀՀ ոստիկանության ՃՈ հատուկ պահպանվող տարածքում: Դատարանն այսօր զննեց գործով իրեղեն ապացույց հանդիսացող «Մերսեդես» մակնիշի 53 AA 333 պետհամարանիշի ավտոմեքենան, որը պատկանում է այս գործով ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանի` Չարբախցի Գեղամի կնոջը` գործով վկա Անժելա Մանուչարյանին:

Համաձայն գործի նյութերի` Պետրոս Իսրայելյանի որդին` Գոռ Իսրայելյանը, այս մեքենայով է տուժող Գևորգ Ավետիսյանին և գործով վկա Արամ Պետրոսյանին տեղափոխել հիվանդանոց: Հիշեցնենք, որ Ավետիսյանը հիվանդանոցում մահացել է:

Համաձայն փորձաքննության տվյալների` հիշյալ ավտոմեքենայի առջևի նստատեղին հայտնաբերվել են Արամ Պետրոսյանի, իսկ հետևի նստատեղին` Գևորգ Ավետիսյանի արյան հետքերը:

Շուրջ մեկուկես տարի ՃՈ հատուկ պահպանվող տարածքում կայանված մեքենան մասնագետները բացեցին հատուկ միջոցների գործադրմամբ: Դատավորի, դատախազների, պաշտպանների և նիստին մասնակից այլ անձանց ներկայությամբ գործով վկա Գոռ Իսրայելյանը ցույց տվեց այն տեղը, որտեղ նստած են եղել Գևորգ Ավետիսյանն ու Արամ Պետրոսյանը:

Արդեն դատարանում Պետրոս Իսրայելյանի պաշտպան Միհրան Պողոսյանը նկատեց, որ բացօթյա պայմաններում` մնալով առանց ծածկի` մեքենան խափանվել է, իսկ սեփականատերը զրկված է այն խնամելու իրավունքից:

Նա հայտարարեց, որ մեքենայում հայտնաբերված արյան հետքերը վերաբերելի չեն Պետրոս Իսրայելյանին մեղսագրված արարքին: Ավելին, ըստ նրա`քաղհայցի պահանջի դեպքում անգամ այդ մեքենայի վրա չի կարող բռնագանձում կատարվել, քանի որ մեքենան այլ անձի է պատկանում: Նա միջնորդեց դատարանին մեքենայի, ինչպես նաև «Լիա» գեղեցկության սրահի կից նկուղի տնօրինումը հանձնել գործով վկա Անժելա Մանուչարյանին:

Մեղադրող դատախազ Գևորգ Գևրոգյանը, սակայն առարկեց ներկայացված միջնորդության դեմ` նշելով, որ Պետրոս Իսրայելյանը համաձայնության գալով Գևորգ Ավետիսյանի և այլ անձանց հետ` խմբի կազմում Մուշեղ Մուշեղյանին զրկել է կյանքից: Մեղադրողը միաժամանակ հիշեցրեց, որ Գևորգ Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է նրա մահվան հիմքով:

Դատավոր Նելլի Բաղդասարյանը հայտարարեց, որ իրեղեն ապացույցի տնօրինմանը կանդրադառնա խորհրդակցական սենյակում` դատավճիռ կայացնելիս:

Այնուհետ մեղադրող կողմը միջնորդեց լրացնել դատաքննությունը և հրապարակել գործով վկաներ Անժելա Մանուչարյանի, Ռուբեն Խաչատրյանի և Ջորջ Քրդոյանի նախաքննական ցուցմունքները, ինչը սակայն դատարանը մերժեց:

Փոխարենը դատարանը բավարարեց մեղադրողների` մի շարք վկաների կրկին դատարան հրավիրելու և լրացուցիչ հարցաքննելու վերաբերյալ միջնորդությունը: Ըստ մեղադրանքի կողմի` Գոռ Իսրայելյանին, Արտակ Նազարյանին, Արամ Պետրոսյանին և մի քանի այլ վկաների լրացուցիչ հարցաքննելու համար հիմք է դատաքննության ընթացքում հրապարակված հեռախոսային խոսակցությունների վերծանումները:

Այսպիսով այսօրվա դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց ապրիլի 10-ին:

Yerkir.am-ի տեսանյութում կողմերը զննում են ՃՈ հատուկ պահպանվող տարածքում գտնվող, իրեղեն ապացույց ճանաչված մեքենան: