կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-29 21:29
Քաղաքական

Խորհրդարանի այգում նշվել է ճապոնական Հանամի տոնը

Խորհրդարանի այգում նշվել է ճապոնական Հանամի տոնը

ՀՀ Ազգային ժողովի այգում մարտի 29-ին նշվել է Հանամի տոնը, տեղի է ունեցել ճապոնական սակուրաների մասին ցուցանակի բացման արարողություն: Վերջինս ազդարարում է, որ ծառերը խորհրդարանի այգում տնկվել են ի նշան հայ եւ ճապոնացի ժողովուրդների բարեկամության:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի անդամներ, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչին:

Կայացել է նաեւ  Արծվի Բախչինյանի «Հայ-ճապոնական պատմական եւ մշակութային առնչությունները»  աշխատության շնորհանդեսը:

ԱԺ Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը, ողջունելով մասնակիցներին, կարեւորել է խորհրդարանում ավանդույթ դարձած միջոցառման կազմակերպումը: Նա   անդրադարձել է նաեւ ներկայացվող գրքին, որում, ըստ բանախոսի, հեղինակը մանրակրկիտ հավաքել եւ ի մի է բերել հանրագիտարանային գիտելիքներ, պատմական արժեք ներկայացնող դիպվածներ ու պատմություններ: Պատգամավորի գնահատմամբ` հետաքրքիր եւ նորովի են ներկայացված հայ-ճապոնական հարաբերությունները:

Արծվի Բախչինյանը շնորհակալություն է հայտնել գրքի շնորհանդեսը կազմակերպելու համար, անդրադարձել երկու ժողովուրդների ընդհանրություններին, որոնք բազմաթիվ են՝ անկախ աշխարհագրական հեռավորությունից: «Աշխատությունը չեմ համարում ավարտված, այն շարունակվելու է»,- նշել է գրքի հեղինակը՝ հավելելով, որ դրա վրա սկսել է աշխատել դեռեւս 15 տարի առաջ:

Միջոցառմանը յուրատեսակ շունչ է հաղորդել ծառզարդարը, որը ներկայացրել են «Հիկարի» հայ-ճապոնական գիտակրթամշակութային կենտրոնի սաները՝ զուգորդելով  հայկական Ծառզարդար եւ ճապոնական Հանամի գարնանային տոները:

Հիշեցնենք, որ 2015թ. մայիսի 12-ին «Ճապոնիա-Հայաստան միության», Հայաստան-Ճապոնիա պատգամավորական բարեկամական խմբի եւ «Վի ԷՆՆ» ընկերության նախաձեռնությամբ Ազգային ժողովի այգում տնկվել են Ճապոնիայից ներկրված սակուրաներ: