Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 2-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը:
Բերկրառատ օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն էր Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը:
Սուրբ Պատարագին ներկա էին Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսներ, Հայաստանյան թեմերի առաջնորդներ և բազմաթիվ ուխտավոր հայորդիներ։
Հայր Սուրբը, անդրադառնալով տոնի խորհրդին, խոսեց Սուրբ Էջմիածնի նշանակության և մեր ազգի կյանքում ունեցած դերակատարության մասին։ «Սուրբ Էջմիածինը խտացումն ու պահապանն է ազգային-քրիստոնեական մեր ինքնության, որ հաստատվեց Միածնի իջմամբ, հայացավ Սուրբ Թարգմանիչ վարդապետների սխրանքով, դարերի ընթացքում բյուրեղացավ հայերիս հոգում և սրտում՝ դառնալով անմահության գրավականը, մարդ-Աստված հանդիպման վայրը, ուր ժամանակն անժամանակ է, իսկ սրտաբուխ աղոթքը՝ լսելի։ Հավատարիմ լինել Սուրբ Էջմիածնի խորհրդին նշանակում է անմնացորդ սիրել մեր Հայրենիքը, աստվածահաստատ Հայոց Եկեղեցին և հավատալ անմահությանը՝ դառնալով լույսի, հույսի և սիրո քարոզիչներն այս կյանքում»,- նշեց Հայր Զաքարիան։
Պատարագիչ հոգևորականը տոնի առիթով նաև շնորհավորեց Վեհափառ Հայրապետին, Մայր Աթոռի միաբանությանը և բոլոր հավատացյալներին՝ մաղթելով, որ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ կարողանանք շուտափույթ հաղթահարել բոլոր փորձություններն ու մարտահրավերները:
Պատարագի սրբազան արարողության ավարտին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվեց Հայրապետական մաղթանք:
Ներկա հավատացյալ ժողովուրդը և եկեղեցականներն աղոթք բարձրացրեցին առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հավերժ պայծառության, շենացման, անսասանության և հայոց կյանքում իր սրբազան առաքելության հարատևության համար: