Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը և հոգեթերապևտ, նարեկաբույժ Արմեն Ներսիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձան վերջին շրջանում հաճախակի դարձած ինքնասպանություններին ու սպանություններին՝ աղանդավորության ֆոնին:
Ըստ Արմեն Ներսիսյանի` Հայաստանում շատացել են այն դեպքերը, երբ մարդիկ հավատի քողի ներքո բիզնեսներ են ծավալում: Նա նշեց, որ այս պարագայում պետք է ուշադրություն դարձնել ճիշտ մեկնության վրա:
«Եհովայի վկաները, «Կյանքի խոսք»-ին և Ավետարանչական եկեղեցու դավանողները Հայաստանում տարածում գտած աղանդավորներն են: Շատ կարևոր է նրանց զոմբիացումից դուրս հանելը: Մարդիկ հայտնվում են դեպրեսիայի մեջ: Օրինակ` Ավետարանչական եկեղեցու դավանորդները երբեմն հայտնվում են այնպիսի վիճակում, որ կարծում են` շեղվել են ճշմարիտ ուղուց և հայտնվում են դեպրեսիայի մեջ, ինչը կարող է հանգեցնել ինքնասպանության կամ էլ ցանկացած այլ` կյանքին սպառնացող գործողության»,- ասաց Ներսիսյանը:
Ալեքսանդր Ամարյանը նշեց, որ աղանդները բաժանվում են երկու տիպի` պարզապես աղանդներ և քայքայիչ աղանդներ: Նրա բնորոշմամբ` Հայ Առաքելական եկեղեցու հավատքից մի փոքր շեղումն արդեն իսկ համարվում է աղանդ, սակայն դա քայքայիչ չէ, իսկ արդեն Եհովայի վկաները և «Կյանքի խոսք»-ին դավանողները քայքայիչ աղանդավորների տեսակներ են:
Ալեքսանդր Ամարյանն առանձնակի շեշտեց այն հանգամանքը, որ մեր երկրում տեղեկատվության պակաս կա և դրա արդյունքում ավելի է հեշտանում քայքայիչ աղանդների տարածումը:
«Մեր դպրոցականներին, թինեյջերական տարիքի երեխաներին ծնողներն ամռանն ուղարկում են տարբեր ճամբարներ` առանց գիտակցելու` ինչ վտանգներ կարող է պարունակել այդ ամենը: Հայաստանյան պետական ճամբարներից միայն երկու-երեքը կարող եմ առանձնացնել, որոնք չեն զբաղվում աղանդների տարածմամբ, իսկ մնացածը քայքայիչ աղանդների հողի վրա են: Երեխաներին հավաքում են մեկ տեղում և ակտիվ քարոզչություն անում»,- ասաց Ամարյանը:
Նա անդրադարձավ նաև աղանդավորական հողի վրա կատարվող սպանություններին: «Մենք չունենք կրոնական շարժառիթներով սպանությունների վերաբերյալ մասնագետներ, դա մեծագույն խնդիր է: Օրինակ` վերջին շրջանում հաճախակի են դարձել տարբեր տեսակի սպանությունները, որոնք կրոնական հողի վրա են կատարվում: Սևանի հայտնի դեպքը, երբ երիտասարդը կացինով սպանեց իր ծնողներին, այս վերջին դեպքը, երբ ամուսինը սպանեց իր նոր ծննդաբերած կնոջը, և այլ նմանատիպ սպանությունների հիմքում կան աղանդավորական շարժառիթներ»,- ասաց Ամարյանը` հավելելով` մենք չունենք համապատասխան մասնագետներ, ովքեր կարող են աշխատել զոմբիացման ճանապարհին գտնվող մարդկանց հետ:
Նա անդրադարձավ նաև մեր պետական համակարգի` այս ամենի նկատմամբ ցուցաբերած անտարբերությանը: Ամարյանի կարծիքով` գուցե մեր ղեկավարներին ձեռնտու է, որ երկրում լինեն աղանդավորներ, քանի որ նրանց կառավարելն ավելի հեշտ է, հնարավոր է նաև` մեր ղեկավարների մեջ էլ լինեն աղանդավորներ: