կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-27 17:13
Իրավական

Ի՞նչ ալիբի է քննիչներին ներկայացրել Նորատուսցի Ալիկը

Ի՞նչ ալիբի է քննիչներին ներկայացրել Նորատուսցի Ալիկը

Քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանը` Նորատուսցի Ալիկը, այսօր հրաժարվեց դատարանում ցուցմունքներ տալ 2016 թվականի նոյեմբերի 13-ին Չարբախում տեղի ունեցած` երկու անձի աղմկահարույց սպանության գործով: Նա հրաժարվել էր ցուցմունքներ տալ նաև նախաքննության ընթացքում որպես մեղադրյալ հարցաքննվելիս: Բանդուրյանը պատասխանել էր քննիչների հարցերից մի քանիսին միայն` ձերբակալվելուց հետո որպես կասկածյալ հարցաքննվելիս: Նա հայտնել էր, որ կատարվածը ոչ մի առնչություն չունի իր հետ, և որ իր դեմ ներկայացված կասկածները որևէ կերպ չեն հիմնավորվի:

Բանդուրյանը նախաքննական մարմնին ասել է, որ ճանաչել է սպանված Մուշեղ Մուշեղյանին, ով եղել է իր շրջապատի մարդկանցից, սակայն նրա հետ ինքը մոտ երկու տարի շփում չի ունեցել: Բանդուրյանը հայտնել է, որ Չարբախցի Գեղամ անունով ծանոթ չունի: Նշենք, որ դատաքննության ընթացքում հրապարակվել են Պետրոս Իսրայելյանի և Ալիկ Բանդուրյանի հեռախոսային խոսակցությունները, ըստ որոնց` Նորատուսցի Ալիկը Չարբախցի Գեղամին պարբերաբար հորդորում է «սատկացնել» Մուշեղ Մուշեղյանին:

Բանդուրյանը քննիչներին հայտնել է, որ դեպքի օրը` 2016թ. նոյեմբերի 13-ին, ինքը մինչև գիշեր եղել է Դիլիջանում: Նա նշել է, որ շաբաթ և կիրակի օրերին հիմնականում լինում է շրջաններում, հատկապես` Սևանա լճի ավազանում, նաև հավաստիացրել է, որ դեպքի մասին որևէ բան չգիտի: Որպես մեղադրյալ հարցաքննվելիս Բանդուրյանը հայտարարել է, որ իրենց առաջադրված մեղադրանքը շինծու է, անհիմն և անօրինական:

Հիշեցնենք, որ Ալիկ Բանդուրյանը մեղադրվում է 2016թ. նոյեմբերի 13-ին Պետրոս Իսրայելյանին այլ անձանց հետ համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառել դրդելու մեջ: Այսինքն` հորդորելու, շահագրգռելու եղանակով Պետրոս Իսրայելյանի մոտ Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելու վճռականություն է հարուցել, ինչպես նաև նույն օրը հանցավոր խմբին օժանդակել է պլանավորված հանցագործության անխոչընդոտ իրականացմանը` Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու, հետևաբար` խոչընդոտները վերացնելու եղանակով:

Այսօրվա նիստում հրաժարվեց ցուցմունք տալ նաև այս գործով ամբաստանյալ Արմեն Գասպարյանը`Բդոն: Նախաքննության ընթացքում Գասպարյանը հայտնել էր, որ ճանաչում է սպանված Մուշեղ Մուշեղյանին և Չարբախցի Գեղամին: Վերջինիս հետ ծանոթացել է Գեղամին պատկանող ավտոլվացման կետում: Նա նույնպես նշել է, որ դեպքի օրը Ալիկ Բանդուրյանի հետ եղել է Դիլիջանում:  

Համաձայն մեղադրական եզրակացության` Արմեն Գասպարյանը Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ և դրդչությամբ 2016թ. նոյեմբերի 13-ին Պետրոս Իսրայելյանի, Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված անձանց կողմից նախապատրաստվող ծանր հանցագործության, այն է` Պետրոս Իսրայելյանի, Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված այլ անձանց կողմից խմբր կազմում դիտավորությամբ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մասին, դրսևորել է հանցավոր անգործություն և նախապատրաստվող ծանր հանցագործության մասին դիտավորությամբ իրավասու մարմիններին: