կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-13 22:03
Իրավական

«Բիտեքով ոտերը ջարդեք». ինչպես է Նորատուսցի Ալիկը հրահանգում «պատժել» թշնամուն

«Բիտեքով ոտերը ջարդեք». ինչպես է Նորատուսցի Ալիկը հրահանգում «պատժել» թշնամուն

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց 2016 թվականի նոյեմբերի 13-ին Չարբախում տեղի ունեցած երկու անձի աղմկահարույց սպանության գործով հերթական դատական նիստը:

Այսօրվա դատական նիստում հետազոտվեցին գործով կարևորագույն նշանակություն ունեցող մի շարք իրեղեն ապացույցներ: Մասնավորապես` ուսումնասիրվեցին գործով ամբաստանյալների բջջային հեռախոսները, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի բանալին, գործով վկա Գոռ Իսրայելյանին պատկանող երկու դանակները, 9 մմ տրամաչափի «Մակարով» տեսակի ատրճանակը՝ դատարկ պահունակով, սպանված Մուշեղ Մուշեղյանի ատրճանակից կրակված պարկուճները և այլ իրեր:

Այսօրվա նիստում դատարանը պետք է հետազոտեր նաև «Մերսեդես» մակնիշի մեքենան, որով ըստ գործի նյութերի՝ Գոռ Իսրայելյանը տուժող Գևորգ Ավետիսյանին տեղափոխել էր հիվանդանոց: Մեղադրող դատախազ Գևորգ Գևորգյանը դատարանին հայտնեց, որ իրեղեն ապացույց հանդիսացող մեքենան ՃՈ հատուկ պահպանվող տարածքից բերելու համար, հարկավոր են մեքենայի բանալին, ինչը նույնպես այս գործով իրեղեն ապացույց է:

Դատավոր Նելլի Բաղդասարյանի այն դիտարկմանը, թե հնարավոր չէ՞ մեքենան քարշակով բերել դատարան, մեղադրողն արձագանքեց. «Մեքենան երկար ժամանակ է կայանված է, հնարավոր չէ շարժիչն առանց բանալի գործի գցել»: Այսօրվա նիստում հրապարակվեցին նաև այս գործով ամբաստանյալներ Ալիկ Բանդուրյանի՝ Նորատուսցի Ալիկի և Պետրոս Իսրայելյանի՝ Գեղամի և այս գործով կարևոր նշանակություն ունեցող այլ անձանց հեռախոսային խոսակցությունները:

Նախաքննական մարմինը վերծանել է հիշյալ անձանց հեռախոսային  խոսակցությունները: Խոսակցությունները պարբերաբար ուղեկցվում էին վիրավորանքներով և հայհոյանքներով: Խոսակցություններից պարզ է դառնում, որ նախքան դեպքը՝ գործով ամբաստանյալներ Ալիկ Բանդուրյանը, Պետրոս Իսրայելյանը և Արմեն Գասպարյանը փորձել են պարզել Մուշեղ Մուշեղյանի տան տեղը:

«Դրանց տան տակը մարդ ասա թող նստի, գոլֆ իրեք ա մի հատ ըլնելու, թո հենց քուչի մեջն էլ մորթեն»,-դիմելով Պետրոս Իսրայելյանին` ասում է Ալիկ Բանդուրյանը: Տան տեղը պարզելու համար գործին խառնել են անգամ բարձրաստիճան ոստիկաններից մեկի փեսային: Հեռախոսային խոսակցություններում նաև լսվում է, թե ինչպես է քրեական հեղինակություն Զապը՝ Անդրանիկ Սողոյանը, Նորատուսցի Ալիկի խնդրանքով դեպքի վայրից հեռացրել մեկ այլ քրեական հեղինակությանը՝ Բանգլադեշցի Վիրաբիկ մականունով հայտնի Վիրաբ Գասպարյանին:

Հեռախոսային խոսակցություններում Նորատուսցի Ալիկը Չարբախցի Գեղամին պարբերաբար հորդորում է «սատկացնել» Մուշեղ Մուշեղյանին: «Վիրաբիկին կանչի առանձին ասա տղերքը դրան սպանում են, բայց,  Գեղամ,  կիսատ պռատ չծեծեն էլի դրան... նենց են ծեծում, որ հիվանդանոց էթա էլի այսինքն: Ընգեր պա բրատսկի մորթում ենք»,- դիմելով չարբախցի Գեղամին` ասում է Նորատուսցի Ալիկը, ինչին ի պատասխան Գեղամը դրական է արձագանքում. «Սաղի հմար ենք տփում ախպեր ջան»,- պատասխանում է Գեղամը:

Հեռախոսային խոսակցության ընթացքում Նորատուսցի Ալիկը Մուշեղ Մուշեղյանին ներկայացնում է, որպես թշնամի և պարբերաբար կրկնում է. «Գեղամ, ծեծելուց ասում ես նենց ծեծեն սաղ ջարդեն էլի... Բայց ասա բիտեքով ախպերավարի»: Գեղամը պատասխանում է, որ իրենց մոտ հա՛մ դուբինկա կա, հա՛մ լապատկի կոթ: «Բիտեքով ասա ոտերը ջարդեք»:

Խոսակցություններից մեկում մի տղամարդ գործով ամբաստանյալ Արմեն Գասպարյանին` Բդոյին ասում է, որ էլ չզանգի իր համարին: «Ցավդ տանեմ, մի զանգի էլ էս համարին, խբին սաղիս, մեզի խբին, մարդ մեռավ զենքով»: Ենթադրվում է այս խոսակցությունը կատարվել է «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում կատարված սպանություններից հետո: Դեպքից հետո արդեն Չարբախցի Գեղամին է զանգահարում Նորատուսցի Ալիկի թիկնապահը՝ Բդո մականունով Արմեն Գասպարյանը եւ նրանից հետաքրքրվում, թե ինչ իրավիճակ է:

Ի պատասխան Գեղամն ասում է. «Բդո ջան մորթինք, իրեք հոգի մեր կողմից խփնվել ա, էտի մեռածի նման մարդ ա, թեև ոտը ջարդել ենք»: Այնուհետև Արմեն Գասպարյանը՝ Բդոն փորձում է պարզել՝ արդյոք Մուշեղ Մուշեղյանը սպանվել է, թե ոչ»:

Նշենք, որ այս գործով ամբաստանյալներն են հայտնի քրեական հեղինակություն Նորադուսցի Ալիկը՝ Ալիկ Բանդուրյանը, նրա մտերիմ` Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանը և Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը:

Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանը մեղադրվում է 2016թ. նոյեմբերի 13-ին Պետրոս Իսրայելյանին այլ անձանց հետ համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառել դրդելու մեջ: Այսինքն` հորդորելու, շահագրգռելու եղանակով Պետրոս Իսրայելյանի մոտ Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելու վճռականություն է հարուցել, ինչպես նաև նույն օրը հանցավոր խմբին օժանդակել է պլանավորված հանցագործության անխոչընդոտ իրականացմանը` Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու, հետևաբար` խոչընդոտները վերացնելու եղանակով: Պետրոս Իսրայելյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Մուշեղ Մուշեղյանին մորթելու, սատկեցնելու, մահակներով ոտքերը ջարդելու և այլ ձևերով վերջինիս առողջությանը մի խումբ անձանց հետ ծանր վնաս պատճառելն իրագործելու վերաբերյալ Ալիկ Բանդուրյանի հորդորների հետևանքով նրա մոտ այլ անձանց հետ համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու վճռականություն է առաջացել: