Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2016 թվականի նոյեմբերի 13-ին Չարբախում տեղի ունեցած` երկու անձի աղմկահարույց սպանության գործով ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանը՝ նույն ինքը քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Բանդուրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ քրեական գործում իր պաշտպանյալի մեղադրանքը հիմնավորող բավարար ապացույցներ չկան:
«Դատաքննության ընթացքում կհամոզվեք, որ այդ մեղադրանքն ուղղակի աբսուրդ է, և մեղադրանքը հիմնավորող ապացույցներ քրեական գործում չկան»,-նշեց նա:
Երեմ Սարգսյանի խոսքով՝ Ալիկ Բանդուրյանին առաջադրված հոդվածի որակումներն ուռճացված են:
«Սա երևի թե այն մշտական պրոցեսն է, որ հնչեղություն ունեցող գործերով ծանր մեղադրանքներին հնարավորինս ծանր որակումներ պետք է տրվեն: Օրենքն ասում է՝ մեղադրանքն ապացուցող բավարար հիմքեր, ինչպիսիք այս գործով, չկան»,-ասաց նա:
Հարցին, արդյոք քրեական գործում առկա են գաղտնալսումներ, Երեմ Սարգսյանն ասաց.
«Քրեական գործում գաղտնալսումներ առկա են, դրան կանդրադառնանք դատաքննության ընթացքում: Սակայն, եթե ինչ-որ գաղտնալսում կա, դա գործի համար ապացույց չի կարող հանդիսանալ և ընդհանրապես չի կարող դրվել մեղադրանքի հիմքում»:
Նրա խոսքով՝ այս գործով նախաքննությունը գուցե թերի չի ընթացել քննչական գործողությունների առումով, բայց մեղադրանքի առումով խիստ թերի է:
Հիշեցնենք, որ այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում պետք է մեկնարկեր այս գործով դատավարությունը, սակայն աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով հնարավոր չէր եղել դատական նիստին ապահովել ամբաստանյալների ներկայությունը: Նիստին ներկա չէր նաև մեղադրող դատախազը: Հենց այդ հիմքով էլ այօրվա դատական նիստը հետաձգվեց մինչև աշուն:
Նշենք, որ Ալիկ Բանդուրյանը մեղադրվում է 2016թ. նոյեմբերի 13-ին Պետրոս Իսրայելյանին այլ անձանց հետ համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելուն դրդելու մեջ: Այսինքն` հորդորելու, շահագրգռելու եղանակով Պետրոս Իսրայելյանի մոտ Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելու վճռականություն է հարուցել, ինչպես նաև նույն օրը հանցավոր խմբին օժանդակել է պլանավորված հանցագործության անխոչընդոտ իրականացմանը` Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու, հետևաբար դրա խոչընդոտները վերացնելու եղանակով:
Նշենք, որ բացի Նորատուսցի Ալիկից այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է նրա մտերիմ` Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանը և Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը:
Նորատուսցի Ալիկի և Չարբախցի Գեղամի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Արմեն Գասպարյանի՝ Բդոյի նկատմամբ կիրառվել է գրավ: