Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Պետրոսյանը /ՄԱՊ-ի Ալիկ/ խորհրդարանում մի քանի լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մամուլում հրապարակված այն տեղեկություններին, թե ինքը եկող խորհրդարանական ընտրությունների ժամանակ չի ընդգրկվելու ՀՀԿ ցուցակում: Նա նախ հարցրեց, թե ով է նման բան գրել, ապա նշեց, որ ինքը դեռ չի որոշել` կընդգրկվի՞, թե՞ ոչ:
Yerkir.am-ը հետաքրքվեց պատգամավորից` արդյո՞ք իր որոշումից է դա կախված: Պատգամավորը պատասխանեց, թե չի որոշել, բայց եթե ցանկանա, ուրեմն նման որոշում կընդունի: «Ուղղակի հիմա դեռ չեմ որոշել»,- ասաց նա:
Մեր հարցին` եթե որոշի, ՀՀԿ-ն չի՞ առարկի, Պետրոսյանն արձագանքեց. «Ես ի՞նչ իմանամ, չգիտեմ: Այսօր աբսուրդ է նման հարցերի շուրջ խոսելը: Հիմա ես ոչ մի բան չեմ կարող ասել, որովհետև եթե մարդը տրամադրված չէ այդ հարցի մասին խոսել, ուրեմն ավելորդ է խոսելը»:
Այնուհետև պատգամավորը նշեց, թե ով ինչ գրել է, իր ցանկությունն է գրել: Ըստ Պետրոսյանի՝ ինքը բացարձակապես հիասթափված չէ քաղաքական գործընթացներից: «Միակ բանը, որ կարող եմ ասել` հիասթափություն չկա, իսկ մամուլում ով ինչ գրում է, իր ցանկությունն է գրում, ոչ թե իրականությունը: Իրականության հետ այդ ցանկությունը բացարձակ կապ չունի»,- շեշտեց նա:
Ճշտող հարցին` մյուս խորհրդարանում իրեն տեսնո՞ւմ է, պատգամավորը պատասխանեց. «Դա ես չեմ որոշում` լինելու եմ, թե` չէ: Նախ ես պետք է որոշեմ` ուզում եմ, թե` չէ, երկրորդը` ժողովուրդը: Կուսակցության նախագահն է որոշում` կլինեմ ցուցակում, թե` ոչ, դեռ նման որոշում չկա: Ո՞նց կարող ենք խոսել մի բանի մասին, որ չկա»: