Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 26-ին Հատուկ քննչական ծառայությունն ավարտեց թվով 6 անձանց կողմից Արարատի մարզում չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ըստ այդմ` Արարատի մարզում որոշ չարաշահումներ են հայտնաբերվել հողահատկացման եւ դպրոցների հիմնանորոգման աշխատանքներում: Մասնավորապես` պարզվել է, որ Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանը նույն մարզի Գինեվետի գյուղապետ Մ. Սանթոյանին կեղծ տեղեկություն է տրամադրել, թե Գինեվետի վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերից 30 հա-ը արդյունաբերական նշանակության է:
Ըստ նախաքննության նյութերի` Գինեվետի գյուղապետը հրավիրել է ավագանու նիստ` 30 հա հողամասը` որպես արդյունաբերական տարածք ներկայացնելու, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում ընդգրկելու եւ արդյունաբերական նշանակության հողամասը կառուցապատման իրավունքով վարձակալության տրամադրելու թույլտվություն տալու համար:
Առանց գյուղատնտեսական հողատարածքն արդյունաբերականի փոխելու, կառավարության որոշման եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարության դրական եզրակացության Վ. Հովակիմյանը Գինեվետ համայնքի ղեկավար Մ. Սանթոյանին հանձնարարել է, իբրեւ արդյունաբերական նշանակության հողատարածք, կառուցապատման նպատակով վարձակալության տրամադրելու համար անցկացնել մրցույթ եւ հաղթող ճանաչել «Հողային ռեսուրսների զարգացման ընկերություն» ՍՊԸ-ին, ինչն էլ կատարվել է 2010 թ. մայիսի 5-ին:
Սակայն, ըստ մեր ունեցած տեղեկությունների, «Հողային ռեսուրսների զարգացման ընկերություն» ՍՊԸ-ին 30 հա հողամաս տրամադրելու գործընթացը սկսվել է դեռ 2008 թվականի հունվարից. անձամբ Սիլվա Համբարձումյանին տրամադրվել է պետական պահուստային ֆոնդի հողերից 10 հեկտար հողատարածք, որպեսզի իրականացվեն հետախուզական աշխատանքներ, որից հետո ձեռք է բերվել 165 հա ընդերքի համապատասխան թույլտվություն, որի համար էլ վճարվել է 165 000 000 դրամ:
Նշված ժամանակահատվածում, սակայն, Արարատի մարզպետի պաշտոնը զբաղեցրել է ոչ թե Վարդգես Հովակիմյանը, այլ ներկայիս ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Ուշագրավ է այն հանգամանքը, որ Ալիկ Սարգսյանն այս գործում ընդհանրապես ներկայացված չէ` չնայած հողահատկացումը կատարվել է նրա մարզպետության օրոք: