Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը: Հիմնական զեկուցող` արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ նախագիծն առաջին ընթերցումից հետո հեղինակի` կառավարության կողմից փոփոխությունների չի ենթարկվել, առաջարկություն է ներկայացրել միայն ՀՅԴ-ն:
«Առաջարկել են նախագծի 6-րդ հոդվածի երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ` հանրապետության նախագահը, վարչապետը, ԱԺ-ի, ՍԴ-ի և Բարձրագույն դատական խորհրդի նախագահներն իրենց պաշտոնավարման ընթացքում չեն կարող պարգևատրվել ՀՀ պետական պարգևներով»,- ներկայացրեց նա:
Հովհաննիսյանը նշեց, որ գործող օրենքը հանրապետության նախագահին է արգելում, որպեսզի պարգևներով պարգևատրվի, այն պարզ պատճառով, որ հանրապետության նախագահն ինքն է պարգևատրողը, և ստացվում է` պարգևատրողն ու պարգևատրվողը նույն մարդ է:
«Մենք նախագծում ավելացրել ենք նաև` վարչապետը, որովհետև վարչապետին պարգևատրելու համար նախագահին միակ միջնորդողը հենց նույն վարչապետն է, սակայն ԱԺ, ՍԴ, ԲԴԽ նախագահների պարագայում, այո, նրանք միջնորդում են նախագահին` իրենց ոլորտներում պարգևատրելու համար, վարչապետն էլ իրավունք ունի միջնորդելու նախագահին` նրանց պարգևատրելու համար: Այսինքն` մենք վարչապետին թույլ ենք տվել ԱԺ նախագահին պարգևատրելու համար միջնորդել նախագահին: Սա է պատճառը, որ մենք այս սահմանափակումները չենք դրել: ՀՅԴ առաջարկությունը չենք ընդունել, կարծում ենք, որ կլինեն դեպքեր, երբ վարչապետը կառաջարկի այս անձանց պարգևատրել»,- պարզաբանեց նա:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ ՀՅԴ-ի առաջարկությունը շատ լավն է: «Առաջարկել են, որ պաշտոնավարման ընթացքում ԱԺ, ՍԴ, ԲԴԽ նախագահները չպարգևատրվեն: Կարելի է այս ցուցակն ավելացնել, անկախ մարմինների ղեկավարները չպետք է պարգևատրվեն վարչապետի կողմից: Ի՞նչ է նշանակում` մենք հնարավորություն ենք թողնում, որ ՍԴ նախագահին պարգևատրի վարչապետը: Սա իշխանությունների տարանջատման սկզբունքի խախտում է, ըստ էության, և կարիք չկա դրա դեմ պայքար մղել: Ընդամենը կարելի է գրել, որ պաշտոնավարման ընթացքում այդ անձինք չեն կարող պարգևատրվել: Առաջարկությունը շատ տեղին է և պետք է ընդունվեր»,- ասաց նա:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն էլ նշեց, որ մի բացահայտում են արել, և ի հայտ է եկել ևս մեկ «կիքս», որ տեղի է ունեցել Սահմանադրության մեջ: «Օրենքով ձևակերպված է` Հայրենիքի շքանշանով պարգևատրված անձը հանդիսանում է Ազգային հերոս: Ստացվում է, որ երկրորդային է Ազգային հերոս երևույթը, և որևէ մեկը չգիտի` Սահմանադրության մեջ փոփոխության նպատակը որն է եղել»,- նշեց նա:
Պատգամավորն ասաց, որ իրենք առաջարկում են այնպիսի ձևակերպում, որ առաջնային լինի ոչ թե պարգևը, այլ կոչումը: «Ի վերջո, մեր հասարակության մեջ կան անձինք, ովքեր հերոս են` առանց պարգևի: Սահմանադրության դրույթն աղերս չունի իրականության հետ, առաջարկում ենք փոխել Սահմանադրության այս դրույթը»,- ասաց Զեյնալյանը և հավելեց, որ առաջարկում են նաև, որ Հայաստանի Հանրապետության անունից տրվեն շքանշաններն ու պարգևները, եթե այդպես լինի, կստացվի, որ ժողովուրդն է պարգևատրում:
Փոխնախարար Հովհաննիսյանն արձագանքեց, որ այս խնդիրը ոչ թե 2015 թվականի Սահմանադրության փոփոխություններով է պայմանավորված, այլ դա եղել է նաև մյուս Սահմանադրություններում: «Մենք տվել ենք այս ձևակերպումը` մինչև Սահմանադրությունում համապատասխան փոփոխություններ կարվեն»,- ասաց նա: