Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձան հաշմանդամության կարգերի շնորհմանը:
Թանդիլյանը նշեց, որ այստեղ խորքային խնդիրներ կան, և մարդկային գործոնի ու չափորոշիչների սուբյեկտիվիզմը հանգեցրել է կոռուպցիոն լրջագույն սխեմաների: «Մենք համակարծիք ենք, որ համակարգն ամբողջությամբ վերանայման կարիք ունի, և այն պետք է բարեփոխվի, ինչքան՝ շուտ, այնքան՝ լավ: Մենք ահազանգ էինք ստացել, որ զինվորական պատճառական կապ ունեցող հաշմանդամության կարգերի հետ կապված խնդիր էր առաջացել, և ուսումնասիրությունների արդյունքում պարզեցինք, որ այս օրերին հանձնարարական է եղել հսկողական փորձաքննություն իրականացնել 166 գործով: 80 գործի մասով արդեն իսկ կատարվել է փորձաքննություն, և 55-ի մասով կայացվել է կարգի փոփոխման որոշում»,- ասաց Թանդիլյանը:
Նա նշեց նաև, որ կան հարուցված տարբեր քրեական գործեր՝ որոշում է կայացվել փորձաքննությունը դադարեցնել, իսկ 55-ի մասով՝ վերանայել որոշումները:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ նշեց, որ իրենք հազարավոր նամակներ են ստանում՝ կարգերի շնորհման պրոցեսների մեջ խախտումների ահազանգով: Նա հիշեցրեց, որ կարգերի շնորհման գործընթացով զբաղվում է աշխատանքի և սոցիալական հարցերի, այլ ոչ թե առողջապահության նախարարությունը: «Բայց դա չի նշանակում, որ մենք հետաքրքրված չենք այս խնդրի լուծմամբ: Փաստացի այդ կարգերի շնորհմամբ է պայմանավորված պետական երաշխիքների տրամադրումը նման անձանց: Սակայն կա նաև մեդալի երկրորդ կողմը՝ կան մարդիկ, որ իրենք են խախտումների դիմում՝ այս կամ այն կարգը ստանալու համար»,- ասաց Թորոսյանը:
Նրա խոսքով՝ այս համակարգում փոփոխությունները պետք է լինեն խորքային, քանի որ այն փաստացի իրեն սպառած համակարգ է: «Միգուցե հանձնաժողովները չլինեն, այլ առաջնային օղակը՝ նախարարությունը, քայլեր անի»,- նշեց առողջապահության նախարարը:
Թանդիլյանն էլ հիշեցրեց, որ բժիշկն ու ՀԿ-ները նույնպես, քաղաքացու համաձայնությամբ, կարող են ներկա լինել փորձաքննությանը՝ հնարավոր անարդարությունները չեզոքացնելու համար: «Սա, բնականաբար, կարճաժամկետ լուծում է, սակայն մենք առողջապահության նախարարի հետ կաշխատենք, որպեսզի գտնենք երկարաժամկետ ու խորքային լուծումներ»,- նշեց նա: