Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ միասնական շտաբի ղեկավար, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով այն պնդմանը, թե նոր Սահմանադրությունը իշխանությանը, մասնավորապես` նախագահ Սերժ Սարգսյանին վերարտադրվելու հնարավորություն է տալիս, ասաց. «Ընդդիմադիրների որոշ շրջանակներ երկու բան են ասում` մեկ, որ չար ծառը բարի պտուղ չի տա և վերարտադրման հնարավորություն է: Ո՞վ կարող է ինձ ասել, թե գործող Սահմանադրությունում ի՞նչն է խանգարում նույն քաղաքական ուժին և Սերժ Սարգսյանին վերատադրվել: Ո՞վ կարող է ինձ տալ հետևյալ հարցի պատասխանը` ի՞նչն է խանգարում Սերժ Սարգսյանին գործող համակարգով ԱԺ-ում ունենալ մեծամասնություն, դառնալ վարչապետ և որևէ մեկին էլ 18 թվականին դարձնել նախագահ և էլի ամբողջ իշխանությունը պահել իր ձեռքում: Սերժ Սարգսյանը հրապարակային հայտարարել է, որ պառլամենտական համակարգի պարագայում ինքը չի հավակնելու վարչապետի պաշտոնին, ոչ հրապարակային, բայց հայտարարել է, որ նաև չի հավակնելու ԱԺ նախագահի պաշտոնին»:
Հարցին, թե վստա՞հ է, որ Սերժ Սարգսյանը չի դառնա ԱԺ նախագահ, Վարդանյանը դրական պատասխան տվեց: Նա չի բացառում, որ քաղաքական մեծամասնությունն իր շահի մասին էլ պետք է մտածի: «Այսօրվա Սահմանադրությունը սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնելու հնարավորություն տալիս է երկու սուբյեկտի` հանրապետության նախագահին և ԱԺ-ին: Այլ տարբերակ չկա: Ես չգիտեմ որևէ իշխանություն, որը հաջորդ ընտրություններից առաջ ասի` բավական է` ես իշխանություն լինեմ, հիմա ես ուզում եմ փոքրամասնություն լինել, մի քիչ էլ ընդդիմության դաշտում աշխատել: Ամբողջը չկորցնելու համար գիտակցում են, որ պետք է մի մասը չկորցնել: Ի վերջո, գերկենտրոնացված համակարգը ենթադրում է բացարձակ պատասխանատվություն, որը երկար ժամանակ ժողովրդի համար պրոբլեմ է ստեղծում: Մեր մոտեցումը հետևյալն է` մենք համոզված ենք, որ մի անձը փոխարինվի մեկ այլ անձով, որևէ հարց չի լուծվի»:
Վարդանյանի խոսքով` բարեփոխված Սահմանադրությունն առնվազն 90 տոկոսով համապատասխանում է ՀՅԴ-ի պատկերացումներին:
Խոսելով կայուն խորհրդարանական մեծամասնության մասին` նա ասաց. «Պառլամենտական համակարգերում սա անհրաժեշտություն է, որպեսզի պետությունն իր գործունեությունը կարողանա ծավալել, որպեսզի ամեն օր կառավարությունը հրաժարական չտա: Սա չի նշանակում` մեկ կուսակցության մեծամասնություն: Սա նշանակում է, որ առաջին փուլի արդյունքներից հետո Ընտրական օրենսգիրքը պետք է տա խելամիտ ժամկետ, որպեսզի նրանք կարողանան բանակցությունների միջոցով կոալիցիա ձևավորեն: Ընտրական օրենսգրքում կոալիցիա կազմելու կարգերը պետք է մշակվեն այնպես, որ եթե մի կուսակցություն դուրս գա, կառավարությունը չքանդվի: Երկրորդ փուլից առաջ կարող են ձևավորվել նոր դաշինքներ: Օրինակ` ՀՀԿ-ն առաջին փուլում հավաքել է 35 տոկոս, մյուս բոլոր ուժերը միասին հավաքել են 65 տոկոս: Կարող է այդ կուսակցության մտքով անցնել` ես ամենաշատն եմ հավաքել, ինչի՞ եմ ես գնում քննարկումների: Եթե մենք գնացինք երկրորդ փուլ, ապա շատ հնարավոր է, որ 65 տոկոս հավաքածները միավորվեն, և առաջանա մի իրավիճակ, որը մոտ կլինի նախագահական ընտրությունների երկրորդ փուլին: Մինչև 16 թվականը պետք է ունենանք նոր Ընտրական օրենսգիրք, որը որևէ քաղաքական ուժի թաքուն կամ բացահայտ առավելություն չի տա»:
Վարդանյանը նշեց նաև, որ իրենք պատրաստ են համագործակցության այն քաղաքական ուժերի հետ, որոնք կկիսեն իրենց տեսակետները: Նա տեղեկացրեց, որ առաջիկա շաբաթ և կիրակի օրերին ՀՅԴ-ի ներկայացուցիչները դարձյալ մարզային հանդիպումներ կունենան բնակիչների հետ` ներկայացնելու համար սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը: