կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-16 11:53
Քաղաքական

Ինչի՞ մասին է խոսքը. Մովսես Հակոբյանը՝ Խաչատուրովի եւ Բաղմանյանի հետ համատեղ աշխատանքի մասին

Ինչի՞ մասին է խոսքը. Մովսես Հակոբյանը՝ Խաչատուրովի եւ Բաղմանյանի հետ համատեղ աշխատանքի մասին

Արդեն տեղեկացրել ենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: Նախագահի մեկ այլ հրամանագրի համաձայն` գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:

Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նորանշանակ տեղակալը նշեց, որ զինվորական է, և ինքը չի որոշում` որտեղ պետք է ծառայի:

Մովսես Հակոբյանին հարցրեցինք, թե ինչպե՞ս է պատկերացնում իր աշխատանքը Հայաստանում, մասնավորապես` իր գործընկեր Հայկազ Բաղմանյանի հետ համագործակցությունը: «Շատ նորմալ եմ պատկերացնում: Ինչի՞ մասին է խոսքը: Ասենք` ինչո՞ւ չեք հարցնում մեկ այլ գործընկերոջս հետ ինչպես եմ պատկերացնում համագործակցությունը»,- նշեց Հակոբյանը` հավելելով, որ իր և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հետ աշխատանքն էլ է նորմալ պատկերացնում:

Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է հետագայում փոխարինի Յուրի Խաչատուրովին, պատասխանեց. «Մենք զինվորական ենք, մենք չենք կարող նախապես ասել, թե որտեղ պետք է մեր ծառայությունն իրականացնենք: Ես չեմ կարող ասել` հնարավոր է, թե` ոչ»:

Անդրադառնալով Լյովա Մնացականյանի այն հայտարությանը, թե ինքն արդեն ընտանիքով պատրաստվում է տեղափոխվել ԼՂՀ` նշանակվելով ԼՂՀ  պաշտպանության նախարար, Մովսես Հակոբյանը նշեց, որ մինչև հրամանը չլինի, իրենք չեն կարող խոսել պաշտոնավարման մասին: