Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խորհրդարանը մերժեց «Ելք» խմբակցության «Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության տեքստ ընդունելու նախագիծը։ Նախագծին կողմ քվեարկեց 14, դեմ` 56 պատգամավոր, 7-ը ձեռնպահ էին։ «Ծառուկյան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը, ձեռնպահ քվեարկեց ՀՅԴ-ն։
Վարման կարգով ելույթով հանդես եկավ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ով շարունակեց պնդել, որ դատախազությունում չկան նյութեր, որոնք կապացուցեն Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունը, թե ցուցարարները ավտոմեքենայի հետևից զինվորների վրա են կրակել ու թաքնվել: «Քոչարյանին պետք է կանչել հարցաքննության, որ պարզաբանի՝ ինչի՞ վրա է հիմնվել նման հայտարարություն անելիս»,- ասաց նա:
Վարման կարգով ելույթ ունեցավ նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Նա ասաց, որ «Ծառուկյան» խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը՝ ելնելով նախագծի դրույթների մեկնաբանությունից, որոնց համաձայն` ԱԺ-ն պետք է վերահսկի իրավապահ մարմինների կողմից որոշակի ժամկետներում որոշակի դատավարական գործողություններ կատարելը։ «Մենք այստեղ «խորհրդարանական վերահսկողություն» հասկացությունը չպետք է տարածական մեկնաբանության մեջ դիտարկենք, այնպես, որ այն իշխանությունների տարանջատման սկզբունքի ձևով լինի։ Մենք տեսնում ենք Սահմանադրության 4-րդ հոդվածի խախտման վտանգ, դրա համար «Ծառուկյան» խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը»,- հայտարարեց նա։
ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը նշեց, որ քրեական գործի նյութերին ծանոթանալու իրավունք ոչ ոք չունի։ «Վերջակետ փորձեմ դնել Ռոբերտ Քոչարյանի հարցաքննման հետ կապված երկխոսություններին։ Բոլոր ձայնագրությունները, որի մասին Ռոբերտ Քորչարյանը, որպես երկրի նախագահ, խոսել է քրեական գործում, կան։ Քրեական գործի նյութերին ծանոթանալու իրավունք, անկախ մարտահրավերներից, ո'չ դուք` պարո'ն Փաշինյան, ո'չ ես, ո'չ էլ այստեղ նստածներից մեկը չունի։ Դրանք քրեական գործի մաս են և քննություն դրանցով իրականացվում է»,- ասաց նա։
Փաշինյանը պնդեց, որ ինքը կարող է պաշտոնապես հայտարարել, որ նման տեսագրություն գոյություն չունի: Կոստանյանն էլ հակադարձեց. «Ես չեմ կարծում, որ պարոն Փաշինյանը կարող է պաշտոնապես պնդել` քրեական գործի նյութերում ինչ կա, ինչ չկա, ով ինչ ցուցմունք է տվել կամ ինչ ձայնագրություն կա։ Հետևապես, ես դա համարում են անպատասխանատու հայտարարություն»։