Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պնդում է, որ Սերժ Սարգսյանն այսօր էլ ՀՀ վարչապետ դառնալու հավակնություն չունի, բայց իրողությունները փոխվել են: Նման հայտարարություն նա արեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցին, որում նա չէր բացառել, որ կարող է ընդունել վարչապետի թեկնածու դառնալու առաջարկը։
«Ըստ մեզ՝ նա այն պետական գործիչն է, որն իր անձնական հավակնությունները միշտ ավելի ցածր է դասել, քան պետության շահը»,- հայտարարեց Շարմազանովը։
Ըստ նրա` ինստիտուցիոնալ առումով, վարչապետի թեկնածուի վերաբերյալ քննարկումներ դեռ չեն եղել, իսկ ՀՀԿ-ի որոշումը կբխի բացառապես ՀՀ-ի շահերից: «Մեր որոշումը կբխի այն գործչի առաջադրմամբ, որը լավագույնս կարող է վարչապետի` Սահմանադրությամբ սահմանված լիազորություններն իրականացնել»,- ընդգծեց Շարմազանովը։
Դիտարկմանը` «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը պնդում է` եթե Սերժ Սարգսյանը չլինի, ապա ՀՀԿ-ն մեկ շաբաթում կփլուզվի, Շարմազանովն արձագանքեց, որ այդ տեսանկյունից Սերժ Սարգսյանը ճիշտ բնորոշում է տվել` ասելով. «ՀՀԿ-ն ոչ թե Սերժ Սարգսյանինն է, այլ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ինն է»։
Նա ընդգծեց, որ ՀՀ քաղաքացիները մանդատ են տվել ՀՀԿ-ին` մինչև 2022 թվականը ներառյալ ընտրել կառավարություն։ Նրա դիտարկմամբ՝ ընդդիմության` ապրիլյան ընտրությունները որպես կեղծիք ներկայացնելու բոլոր փորձերը կեղծ քաղաքական օրակարգ է։
Անդրադառնալով «Ելք»-ում եղած տարաձայնություններին՝ Շարմազանովը նշեց. «Չեմ ուզում մեկնաբանել, որովհետև, եթե մեկնաբանեմ, կասեք` Շարմազանովը չարախնդում է, ավելի կարևոր գործեր կան մեր երկրում, քան «Ելք»-ի օրակարգի մասին խոսելը»։