կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-16 13:13
Տարածաշրջան

Էրդողանը փորձում է ցույց տալ, թե թուրքերենը հնագույն լեզու է. ի՞նչ են ապացուցում փաստերը

Էրդողանը փորձում է ցույց տալ, թե թուրքերենը հնագույն լեզու է. ի՞նչ են ապացուցում փաստերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դարձյալ բարձրացրել է թուրքերենի պահպանման հարցը, որը, ըստ նրա, աշխարհի հնագույն լեզուներից է:

Երեկ թուրքերենի մասին ելույթում նա դժգոհել է այն երևույթից, որ երկրում օտարածին բառերն արագ տարածում են գտնում, մինչդեռ «իսկական թուրքերեն» բառերը ժողովրդի կողմից չկիրառվելու պատճառով մոռացվում են:

«Թուրքերենն աշխարհի հնագույն լեզուներից է: «Լեզվական հեղափոխություն» անվան տակ մեր թուրքերենը փորձել են խեղաթյուրել՝ անհամ, անշունչ նորամուծությունների շուքի տակ»,- ասել է Էրդողանը` ըստ երևույթին մոռանալով, որ թուրքերենն առնվազն հինգ լեզուների՝ արաբերենի, պարսկերենի, հայերենի, անգլերենի և ֆրանսերենի համադրությունն է:

Որքան էլ թուրքական կողմը հարկ չհամարի օսմաներենի մասին խոսելիս բարձրաձայնել, որ հին թուրքերեն կոչվող այդ լեզուն նույնպես հիմնված է արաբերենի վրա, ինչի մասին են վկայում օսմաներենի տառերը, փաստն անհերքելի է:

Որպես օրինակ՝ երեկվա իր ելույթում Էրդողանը նշել է Café բառի կիրառումը: «Ի՞նչ café , ո՞ւր մնաց դրա թուրքերենը»,- դժգոհել է նա՝ հիշեցնելով բառի թուրքերեն-օսմաներեն համարժեքը՝ kıraathane (ընթերցասրահ, որտեղ մատուցվում է նաև սուրճ, թեյ) բառը:

Արաբերենում (قرائت) kıraat բառը նշանակում է ընթերցել, կարդալ, իսկ պարսկերեն hane (خانه) տուն:

Փաստորեն, Էրդողանն իր բերած օրինակով անգամ ի ցույց է դնում իրականությունը:

Իսկ ո՞րն է ճշմարտությունը: Օսմանյան կայրությունից Թուրքիայի Հանրապետություն անցնելու տարիներին՝ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի բարեփոխումների ծրագրի շրջանակներում Նոր Թուրքիայի կայացմանը նպաստած կարևորագույն գործոններից մեկը նոր լեզուն էր։ Բարեփոխումների շրջանակներում փոխվեց թուրքերենի այբուբենը։ Օսմանյան թուրքերենի այբուբենն արաբերական այբուբենի փոփոխված տարբերակն էր, իսկ 1920 թվականից հետո թուրքերենի այբուբենը դարձավ լատինական այբուբենի փոփոխված տարբերակը։

Պոլսահայ լեզվաբան, թուրքագետ Հակոբ Մարթայանը ստեղծեց ժամանակակից թուրքերենը: 1934 թվականին, երբ ընդունվեց ազգանունների մասին օրենքը, Աթաթուրքը թուրքերեն լեզվի ուսումնասիրությունների մեջ ունեցած նշանակալի ավանդի համար Մարթայանին շնորհեց «Դիլաչար» (լեզվի բանալի) ազգանունը:  Այդ ազգանունն օգնեց Մարթայանին թաքցնել իր հայկական արմատները։

Այսպիսով` 1920-ականներին ստեղծված լեզուն չէր կարող լինել «հնագույն», ինչպես պնդում է Էրդողանը: