կարևոր
4315 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-03 15:46
Հասարակություն

Թուրքերենը որպես պանթյուրքիզմի գաղափարախոսության տարածման և ամրապնդման գործիք

Թուրքերենը որպես պանթյուրքիզմի գաղափարախոսության տարածման և ամրապնդման գործիք

Մելինե Անումյան

Թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու

Վերջերս Թուրքիայի «Անադոլու» պետական լրատվական գործակալությունը հաղորդել է, որ այս տարվա սեպտեմբերին 26-ին նշվող Լեզուների միջազգային օրվա կապակցությամբ Բուրսայում կազմակերպվել է աշխատաժողով, որի շրջանակներում որոշվել է Թյուրքական պետությունների կազմակերպությանը (Türk Devletleri Teşkilatı / TDT) կից ստեղծել թյուրքական պետությունների «Ընդհանուր այբուբենի հանձնաժողով»[1]։

Բնականաբար, թյուրքական լեզուների համար ընդհանուր այբուբեն ստեղծելու աշխատանքները շատ ավելի վաղ են սկսվել։ Չնայած՝ ընդհանուր այբուբեն ստեղծելու գաղափարին, հայտնի փաստ է, որ պանթյուրքիստական հովերով տարված Թուրքիան, որպես «թուրանական» պետությունների համատեղ լեզու, իհարկե, ընդունում է թուրքերենը։ Իսկ ինչ աշխատանքներ է տանում Թուրքիան թուրքերենը այլ թյուրքալեզու պետություններում տարածելու ուղղությամբ։

Նախ, շեշտենք, որ ի տարբերություն հայերենի՝ թուրքերենում տարբերություն չի դրվում «թուրքի» և «թյուրքի» միջև, որոնք երկուսն էլ գրվում և արտասանվում են «Türk»՝ «թյուրք»։

Ինչպես հայտնի է, ԽՍՀՄ-ի փլուզմամբ ոգևորված Թուրքիայի կառավարությունը նախկին խորհրդային թյուրքախոս պետություններին միավորելու նպատակով դեռևս 1992 թ․ ստեղծել էր Թյուրքական համագործակցության և զարգացման գործակալությունը (Türk İşbirliği ve Koordinasyon Ajansı / TİKA): Թյուրքական լեզվախմբին պատկանող լեզուներով հաղորդակցվող պետությունների միջև համագործակցություն ենթադրող սույն կառույցը հիմք հանդիսացավ հետագայում՝ 2009 թ․, ստեղծված Թյուրքական խորհրդի (Türk Konseyi) կամ Թյուրքական լեզուներով խոսող երկրների համագործակցության խորհրդի (Türk Dili Konuşan Ülkeler İşbirliği Konseyi) համար։

Անցյալ տարվա նոյեմբերին Ստամբուլում տեղի ունեցած գագաթնաժողովի շրջանակներում սույն կառույցը, Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ջանքերով, վերանվանվեց որպես Թյուրքական պետությունների կազմակերպություն (Türk Devletleri Teşkilatı): Բնականաբար՝ Թուրքիայի պանթուրանական նկրտումների համար ոգևորիչ ազդակ եղավ Արցախյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի հաղթանակը, որին մեծապես նպաստեց նաև ինքը՝ Թուրքիան։ Այդ պատերազմից հետո, վերջին երկու տարիներին նկատելի է, որ Թուրքիան ավելի մեծ ջանքեր է գործադրում պանթյուրքիզմը Կենտրոնական Ասիայի երկրներում տարածելու և ամրապնդելու ուղղությամբ։

Թյուրքական պետությունների կազմակերպության պաշտոնական կայքէջում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ դեռևս 2013 թ․ Էսքիշեհիրում հիմնված Թյուրքական համալսարանների միությունն (Türk Üniversiteler Birliği) իրականացնում է ուսանողների փոխանակման տարբեր ծրագրեր, որոնց շարքում ուշագրավ է հատկապես «Օրխոնյան փոխանակման ծրագիրը» (Orhun Değişim Programı)[2]։ Այս ծրագիրն իր անվանումն ստացել է Մոնղոլիայի Օրխոն շրջանի քարե արձանագրություններից, որոնք հայտնի են որպես թուրքերենի՝ մինչ օրս հայտնաբերված ամենավաղ գրավոր նմուշներ․ դրանք թվագրվում են 8-րդ դարով։

Հարկ է նշել, որ Թյուրքական պետությունների կազմակերպության պաշտոնական լեզուն համարվում է թուրքերենը, որը կիրառվում է այս կազմակերպության բոլոր կոնֆերանսների ժամանակ։ Մեր կարծիքով՝ եթե Թուրքիան թուրքերենը դոմինանտ պահելու նպատակ և մտադրություն չունենար, ապա Թյուրքական պետությունների կազմակերպությունն ավելի ճիշտ կհամարեր, նախքան «ընդհանուր լեզվի» ստեղծումը, յուրաքանչյուր կոնֆերանսի ժամանակ որպես աշխատանքային լեզու ընտրել որևէ թյուրքական լեզու։ Սխալ է այն կարծիքը, թե ի տարբերություն մյուս թյուրքալեզու ժողովուրդների, որոնց բոլորին հասանելի է թուրքերենը, թուրքերը չեն կարողանում հասկանալ մյուս թյուրքախոս ժողովուրդների լեզուները։ Եթե ես, այդ լեզուներից միայն օսմաներենին և թուրքերենին տիրապետելով, հասկանում եմ, օրինակ, ադրբեջաներենը, ապա անհնար է, որ այդ նույն լեզուն անհասկանալի լինի շարքային թուրքին։

Թյուրքական պետությունների կազմակերպությունը պանթյուրքիզմի գաղափարախոսության տարածման և ամրապնդման նկատառումներով իրականացնում է նաև հետևյալ մշակութային ծրագրերը․Թուրքիայի գիտնականներից, ինչպես նաև՝ այլ անդամ պետությունների գիտական հաստատություններից բաղկացած հանձնաժողովի ջանքերով աշխատանքներ են իրականացվել և շարունակում են կատարվել «Ընդհանուր թյուրքական պատմության», «Թյուրքական աշխարհի աշխարհագրության» և «Ընդհանուր թյուրքական գրականության» դասագրքեր պատրաստելու ուղղությամբ։

Թեև ենթադրվում է, թե թյուրքալեզու պետությունների միավորման նպատակով հարկ է ստեղծել «ընդհանուր թյուրքերեն լեզու», որը կհասկանան բոլոր թյուրքախոս ժողովուրդները, սակայն կարելի է արձանագրել, որ Թուրքիայի նպատակը հենց թուրքերենը դոմինանտ պահելն է, քանի որ այս երկիրն իրեն տեսնում է Կենտրոնական Ասիայի պետությունների ավագ եղբոր դերում։

Համարվում է, որ «ընդհանուր թյուրքերեն լեզվի» մշակման ուղղությամբ առաջին քայլը «ընդհանուր այբուբենի» ստեղծումն է, որում պետք է ներառվեն նաև այնպիսի տառեր, որոնք առկա չեն ժամանակակից թուրքերենի հնչյունային համակարգում, ինչպես օրինակ՝ «Խ»-ն։

Այնուամենայնիվ, մինչև իսկ Ադրբեջանի որոշ գիտական շրջանակներ համարում են, որ մինչև «ընդհանուր այբուբենի» և «ընդհանուր լեզվի» ստեղծումը նպատակահարմար է որպես հաղորդակցման լեզու կիրառել Թուրքիայի թուրքերենը[3]։

Ելնելով այս հարցում Թուրքիայի վարած քաղաքականությունից՝ կարելի է ենթադրել, որ այս պետությունը հետագայում կշարունակի թուրքերենը դոմինանտ պահելու քաղաքականությունը կամ, ծայրահեղ դեպքում, քայլեր կձեռնարկի «ընդհանուր լեզուն» հնաարավորինս թուրքերենին, այլ ոչ թե մյուս թյուրքական լեզուներին, մոտ պահելու ուղղությամբ՝ սահմանափակվելով միայն «ընդհանուր այբուբենում» այն տառերն ավելացնելով, որոնք առկա են մյուս թյուրքական լեզուներում։

[1]https://www.aa.com.tr/tr/gundem/turk-devletleri-dilde-birlik-icin-ortak-alfabe-komisyonu-kurdu/2716134

[2] https://www.turkkon.org/tr/isbirligi-alanlari/egitim_4/orhun-degisim-programi_15

[3] https://dergipark.org.tr/en/download/article-file/2375980?fbclid=IwAR2lNd6AylDMnIAGCSLvMNjOys5iZ22RiV1Xmfk5-ytOQ1PWNkmSbEJZeCA

Akunq.net/am