կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-02 15:42
Քաղաքական

Վարչապետը փորձում էր ցույց տալ, որ ռուսերե՞ն գիտի…

Վարչապետը փորձում էր ցույց տալ, որ ռուսերե՞ն գիտի…

Ընդունելի չէր այն երեւույթը, երբ Երեւանում հայ-ռուսական բարեկամությանը նվիրված «Միասնության խաչ» հուշարձանի բացման ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ելույթն արտասանեց ռուսերենով. Yerkir.am-ի հետ զրույցում այսօր ասաց Կանադայում ՀՀ-ի նախկին դեսպան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը' հավելելով. «Որովհետեւ նա ՀՀ վարչապետն է»:

 

Այնուհետեւ նախկին դեսպանը հիշեցրեց, որ տարիներ առաջ Հայաստանում բացվեց նաեւ հայ եւ արաբ ժողովուրդների բարեկամության հուշարձանը, բայց այնտեղ մերոնք արաբերեն չէին խոսում: Նույնը` Ֆրանսիայի հրապարակի բացման ու Ռոդենի արձանի տեղադրման ժամանակ:

 

«Այդ պրոտոկոլ կոչվածը, որը դարերով ձեւավորվել է, այնտեղ իրավահավասարության խնդիրը կա, սեփական լեզվի նկատմամբ հարգանքի խնդիր կա: Այսինքն' մեր վարչապետը ուզում էր ցույց տալ, որ ռուսերե՞ն գիտի, հետո ի՞նչ... Պարսկերեն, արաբերեն չգիտի եւ այլն: Ռուսերեն ելույթ ունենալը ընդունելի չէ, քանի որ, վերջիվերջո, ո՞ւմ համար էր այդ ելույթը, մի՞թե այդտեղ ներկա մի քանի ռուսների համար: Այդ դեպքում, ինչպես արվում է շատ տեղերում, կարելի էր կա'մ գրավոր թարգմանությունը տրամադրել նրանց, կա'մ ապահովել բանավոր թարգմանությունը: Որովհետեւ այդ հուշարձանի բացումն ինքնին արարողակարգային արարողություն էր, ու դրա մեջ արարողակարգային բոլոր նորմերը պետք է պահպանվեին»,- նշեց Արա Պապյանը եւ հավելեց, որ խորը սիմվոլիզմ կա այդ ամբողջի մեջ: