| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Մարտի 14-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նախագահական նստավայրում տեղի ունեցած Գյուղապետերի 46-րդ համաժողովում հայտարարել է, որ մինչև երեկո երկրի զինված ուժերը «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության շրջանակներում իրենց վերահսկողության տակ կվերցնեն Աֆրին շրջանի համանուն քաղաքը. տեղեկացնում է Ermenihaber-ը:
«Ցանկացա տեսնել վերջին տվյալները, թե որքան ահաբեկիչ է սպանվել Աֆրինում, և պարզվեց՝ վնասազերծվել է 3444 ահաբեկիչ: Մենք մի քիչ էլ մոտեցանք Աֆրինին: Հույս ունեմ՝ մինչև երեկո Աֆրինը ամբողջությամբ կընկնի», -ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ իրենք կանգ չեն առնի, և քուրդ զինյալների դեմ գործողությունը կշարունակվի սիրիական Մանբիչում, Եփրատ գետի արևելյան ափում և Հյուսիսային Իրաքում, որտեղ գտնվում է քրդերի գլխավոր ռազմաբազան՝ Քանդիլը։ Նրա խոսքով՝ քրդական ուժերի դեմ գործողությունները կշարունակվեն մինչև թուրք-իրաքյան սահման։
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։
 
 Հավելենք նաև, որ Թուրքիան  Սիրիայի քրդական ուժերին նույնացնում է Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ-PKK) հետ։