Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հանրության քննադատություններին` դեղատոմսով դեղ բաց թողնելու որոշման հետ կապված:
«Անկեղծ ասած, չգիտեի, որ մեր երկրում հանրային առողջապահության այսքան գիտակներ կան: Անկախ մասնագիտական կարողություններից, ով ժամանակ ունեցավ, այս ընթացքում հարկ համարեց քննադատել դեղատոմսով դեղեր բաց թողնելու մասին ընդունված կարգը և էլեկտրոնային առողջապահական (e-Health) համակարգի ներդրումը: Իհարկե, ամենահեշտը ուրիշի արած գործը քննադատելն է, եւ մենք ամենեւին վատ չենք զգում, այլ ձգտում ենք գտնել դրանցում ռացիոնալ մտքի հատիկներ՝ փորձելով կիրառել համակարգում՝ ընդունելով նաև բացթողումները:
Նախ կուզենայի անդրադառնալ անհեթեթ այն ձեւակերպումներին, թե e-Health֊ը նախարար Ալթունյանին թույլ է տալիս քաղաքացիների հույժ գաղտնի առողջապահական տվյալներին միանձնյա տիրապետել։ Սա ուղղակի անհեթեթություն է։ Այս համակարգի ներդրումը, որն ի դեպ մեկնարկել է դեռեւս 2008 թվականից, սակայն որն ի գործ է դրվում միայն այսօր, շատ կարեւոր է բոլորիս համար. թափանցիկության, հաշվետվողականության և վստահության ապահովման առումով:
Ասեմ, որ Հայաստանում ներդրվող այս ծրագիրն Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների հավանությանն է արժանացել եւ այն աշխարհում ներկայացվում է որպես հաջողված համապարփակ համակարգ։
Ինչ վերաբերում է սոցցանցերում դժգոհություն հայտնած հայտնի ու անհայտ մարդկանց, ապա հանուն իրենց առողջության նրանք լավ կլինի դեղատան փոխարեն, այնուամենայնիվ, բժշկի դիմեն: Հավատացեք՝ քաղաքակիրթ մարդկությունն իր առողջությունը վստահում է բժիշկներին, այլ ոչ թե կողքից խորհուրդ տվողներին։
Զարգացած բոլոր երկրները գնացել են առողջապահական այս ծրագրերով, ու մենք նույնպես այլընտրանք չունենք:
Ավաղ, այսօր, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում կան մարդիկ, որոնք անձնական շահագրգռվածությունից ելնելով են «մտահոգ հանրային մասնագետ» ձևանում, ինչն ուղղակի անընդունելի է. թերևս ոմանց «ինքնաբացահայտվելու» ժամանակն է:
Հարգելիներս, արե՜ք քայլեր, որոնց համար հետո ձեր խղճի առաջ գոնե հաշտ լինեք:
Վերջում ուզում եմ, ամեն դեպքում, շնորհակալություն հայտնել մեզ հասկանալու, աջակցելու ու նաև քննադատելու համար:
Իսկ հաջորդ փուլը լինելու է կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի ներդրումը էլեկտրոնային առողջապահական համակարգում, որի շնորհիվ անգամ ամենահեռավոր մարզային հիվանդանոցում կապահովվի միջազգային չափորոշիչներին համարժեք բուժում»։