Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ԱՄՆ դեսպանի խոսքերը որպես առողջ քննադատություն է ընկալում: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց. «Ուզում եմ ասել, որ ՀՀ իշխանությունների առանձնակի ուշադրության տակ են հակակոռուպցիոն միջոցառումները։ Մենք ջանքեր ենք գործադրում օրենսդրական փոփոխություններ իրականացնելու համար»։
Շարմազանովը հիշեցրեց, որ վերջին տարվա ընթացքում իշխանությունները հակակոռուպցիոն մի քանի օրենսդրական նախաձեռնություններ են առաջարկել, որոնք դեռ ավարտված չեն: «Դրանք ավարտին հասցնելու համար Հայաստանը պատրաստ է հաշվի առնել եվրոպացի և ամերիկացի գործընկների փորձը։ Այդ իմաստով ՀՀ իշխանությունը երբեք չի ասել, որ Հայաստանում վատ երևույթներ, օրինակ` ինչպիսին կոռուպցիան է, չկա։ Պարզապես մենք պետք է տեսնենք ճի՞շտ ուղղությամբ ենք գնում, թե՞ չէ, երե՞կ էր ավելի շատ պրոբլեմ, թե՞ այսօր»,- ասաց նա։
Շարմազանովի խոսքով` օրենսդրական նախաձեռնությունների շրջանակում կներդրվեն մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան ավելի արդյունավետ պայքարելու թերությունների դեմ:
«Ցանկացած երկրում՝ Միացյալ Նահանգներից մինչև Ռուսաստան և Ավստրալիա, կան կոռուպցիոն երևույթներ, բայց որևէ մեկը ավելի շատ շահագրգռված չէ, որպեսզի Հայաստանում ժողովրդավարական արժեքները զարգանան, քան Հայաստանի գործող իշխանությւունները։ Մենք ունենք քաղաքական կամք։ Մենք ուշադիր կլսենք մեր եվրոպացի գործընկերների կառուցողական առաջարկները, և եթե կարիք լինի նոր կարգով կսկսենք բարեփոխումներ իրականացնել»,- եզրափակեց նա։
Նշենք, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել էր. «Կառավարությունը Հայաստանում խաղի հավասար կանոններ պետք է ապահովի բոլոր գործարարների համար՝ լինեն նրանք ամերիկացի, եվրոպացի, ռուս, թե` չինացի: Ես անկեղծ կլինեմ՝ մինչ օրս, երբ ամերիկացի ներդրողը կամ գործարարը գալիս է դեսպանատուն՝ քննարկելու հնարավոր ներդրումը կամ առևտրային գործարքը Հայաստանում, առաջին հարցը, որ նա տալիս է ինձ, հետևյալն է՝ կարո՞ղ եմ համոզված լինել, որ իմ հանդեպ կլինի արդարացի և հավասար մոտեցում: Եվ կարծում եմ՝ սրա գաղտնիքն այն է, որ Հայաստանն ունենա ազատ, արդար և անկախ դատական համակարգ, անկախ դատավորներ, որոնք կարող են արդար վճիռներ կայացնել: Եվ ես շատ ուրախ եմ, որ վարչապետի կողմից, ինչպես նշվել է մեր զրույցներում, այս հանգամանքը ևս կարևորվում է, և նա գիտակցում է անկախ դատարանի կարևորությունը ամերիկյան գործարարների և ներդրողների համար: Եվ դա նրա կողմից իրականացվող բարեփոխումների կարևոր ուղղություններից մեկն է: Այդ բարեփոխումները միտված են մրցունակության բարձրացմանը և Հայաստանում ազատ, արդար, մրցակցային միջավայր ձևավորելուն»: