կարևոր
3871 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-21 12:02
Քաղաքական

Այսօր միջազգային հանրությունն ավելի շատ է խոսում Արցախի ինքնորոշման մասին, քան Հայաստանի իշխանությունները

Այսօր միջազգային հանրությունն ավելի շատ է խոսում Արցախի ինքնորոշման մասին, քան Հայաստանի իշխանությունները

Հունվարի 19-ին Եվրոպական խորհրդարանը կողմ քվեարկեց շրջանառության մեջ դրված «Լեռնային Ղարաբաղի շրջափակման մարդասիրական հետևանքները» բանաձևի նախագծին։

Բանաձևը մասամբ ներկայացվել էր հեղինակ ԵԽ պատգամավորների կողմից ԵԽ լիագումար նիստի ընթացքում, որը նվիրված էր Բերձորի միջանցքի շրջափակմանը, դրա հետևանքներին ու ԵՄ հնարավոր քայլերին։ ԵԽ պատգամավորներն իրենց սուր ելույթներով դատապարտեցին Բաքվի ռեժիմի հակամարդկային քաղաքականությունը։ Եղան պատգամավորներ, որոնք մեղադրեցին նաև ԵՄ-ին Ադրբեջանի հետ գազային համաձայնագիր ստորագրելու համար։ 16 կետից բաղկացած բանաձևում Եվրոպական խոխրհդարանը ափսոսանք հայտնելով Լաչինի միջանցքի շրջափակման եւ դրա պատճառով հումանիտար հետևանքների կապակցությամբ, կոչ է անում Ադրբեջանին հարգել և իրականացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը, և ամենաէականը՝ Եվրոպական խորհրդարանը «կոչ է անում անհապաղ վերսկսել առանց նախապայմանների Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա հիմնված բանակցությունները»: Այդ սկզբունքներից են ազգերի ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն և ուժի չկիրառում:

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը խոսելով բանաձևի ընդունման և դրան հաջորդող քայլերի մասին, նկատեց՝ ցանկացած միջազգային կառույցի, այդ թվում՝ ԵԽ ընդունած բանաձևը, անշուշտ, իր ազդեցությունն ունենում է։

«Խնդիրն այստեղ չէ, այլ այն, որ մենք ինքներս պետք է հասնենք մեր ճանապարհի բացմանը։ Այսօր միջազգային հանրությունն ավելի շատ է խոսում Արցախի ինքնորոշման մասին, քան Հայաստանի իշխանությունները։ Եթե նկատեցիք՝ ԵԽ նիստին պատգամավորները խոսեցին Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, ինչի մասին ՀՀ իշխանությունը վաղուց դադարել է խոսել։ Առհասարակ մենք հաջողություն չենք ունենալու այնքան ժամանակ, մինչև ՀՀ իշխանությունը վերջապես չհասկանա, որ Արցախի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի, և դրան ուղղված քայլեր կատարի։ Իշխանությունը միայն խոսում է բլոկադայի վերացման, Արցախում ապրող հայերի անվտանգության և այլնի մասին, քանի Հայաստանի իշխանությունը կա, միջազգային ճնշումները չեն կարողանալու մեծ հաջողություններ ունենալ։ Իհարկե, ազդեցություն կունենան, բայց ոչ այն ազդեցությունը, ինչ կլիներ,եթե Հայաստանի իշխանությունը կառավարման ղեկին չլիներ»,- շեշտեց Արթուր Մոսիյանը։

Ինչ վերաբերում է Արցախի վրա ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչների հայտարությունների ազդեցությանը, որոնք որևէ կերպ չեն տարբերվում Ադրբեջանի ղեկավարության հայտարություններից, ԱԺ պատգամավորն ասաց, որ նման հայտարարություններն առհասարակ Արցախի խնդրի վրա բացասաբար են անդրադառնում։

«Ամեն անգամ այդ հայտարարությունները թշնամին վերցնում ու օգտագործում է մեր դեմ։ Մենք միշտ ասել ենք, որ Արցախի հարցում Ալիևի ու Փաշինյանի խոսույթը նույնն է։ Ինչ վերաբերում է Արցախի պատկանելության հարցին, ապա ՔՊ-ի ու Ալիևի համար այն նույն պատկանելությունն ունի»,- շեշտեց նա։

Խոսելով Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հնարավոր հրաժարականի վերաբերյալ խոսակցություններից, Արթուր Մոսիյանը միայն կարճ ասաց.

«Նրա նշանակումը և Փաշինյանի, և Բաքվի սրտով չէ, մնացած մեկնաբանություններն ավելորդ են»։