կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-12 19:21
Տնտեսական

Շատ շահագրգռված ենք, որպեսզի լիբանանյան բիզնեսը գա Հայաստան. Կարեն Կարապետյան

Շատ շահագրգռված ենք, որպեսզի լիբանանյան բիզնեսը գա Հայաստան. Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Երկու երկրների վարչապետների առանձնազրույցից և պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններից հետո Կարեն Կարապետյանը և Սաադ Հարիրին Լիբանանի կառավարության մամուլի սրահում հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան. «Հարգելի պարոն Հարիրի, ևս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության և այսօրվա արդյունավետ հանդիպման համար: Կարծում եմ՝ մեր հանդիպումն անցել է կառուցողական և փոխվստահության մթնոլորտում: Մենք մտքեր ենք փոխանակել և արձանագրել ենք, որ մեր երկու երկրների հարաբերությունները բոլոր առումներով գտնվում են շատ բարձր մակարդակի վրա: Մենք իրականում բարեկամ և շատ մոտ երկրներ ենք:

Նաև արձանագրել ենք, որ մեր տնտեսական հարաբերությունները հեռու են քաղաքական հարաբերությունների այն բարձր մակարդակից, որ ունենք, և մենք չափազանց մեծ ներուժ ունենք՝ դրանք զարգացնելու համար: 

Մենք խոսել ենք այն հնարավորությունների մասին, որ ունեն մեր երկու երկրները: Մասնավորապես, մենք չենք թաքցնում և շատ շահագրգռված ենք, որպեսզի լիբանանյան բիզնեսը գա Հայաստան, և ֆիքսել ենք այն առավելություններն ու հնարավորությունները, որ այսօր Հայաստանն ունի. արձանագրել ենք այն փաստը, որ լինելով Եվրասիական միության անդամ, ունենալով GSP+ ռեժիմ Եվրոպական միության հետ, ազատ տնտեսական գոտի Իրանի հետ սահմանին, ինչպես նաև այն բիզնես հնարավորություններն ու միջավայրը, որն այսօր ձևավորում ենք Հայաստանում, հնարավորություն են տալիս, տեղակայվելով Հայաստանում, մտնել բավական մեծ շուկաներ, որոնց մասին ես քիչ առաջ նշեցի: 
Որո՞նք են այն ոլորտները, որտեղ մենք կարող ենք համագործակցել. դրանք բազմաթիվ են՝ թեթև արդյունաբերություն, ոսկերչություն, դեղագործություն, գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն:

Նաև պայմանավորվել ենք այսօր, որ կշարունակենք բանակցությունները հայ-լիբանանյան ներդրումային հիմնադրամ ստեղծելու վերաբերյալ, որը կաջակցի երկկողմ նախաձեռնություններին: Խոսել ենք նաև արևային և այլընտրանքային էներգետիկայի զարգացման մասին:

 Առանձնակի անդրադարձել ենք նաև, թե ինչ դերակատարում ունի մեր սփյուռքը Լիբանանում, որ լիբանանահայերն իրականում մեր դեսպաններն են այստեղ և Լիբանանի դեսպանները՝ Հայաստանում, ու լինելով առաջին հերթին Լիբանանի նվիրյալ քաղաքացիներ՝ մեծ դերակատարում ունեն մեր երկու երկրների բարեկամական կապերի մեջ:

 Օգտվելով առիթից՝ ես պարոն Հարիրիին հրավիրել եմ այցելել Հայաստան: Նաև պայմանավորվել ենք օգտագործել միջկառավարական մեր հանձնաժողովը, նախապատրաստել այնպիսի օրակարգ, որ պարոն Հարիրիի այցի ժամանակ կարողանանք անցկացնել նաև միջկառավարական հանձնաժողովի նիստ: Բազմաթիվ հանդիպումներ ենք ունենալու այս երկու օրվա ընթացքում, և համոզված եմ, որ նոր լիցք կհաղորդենք մեր տնտեսական հարաբերություններին: Եվս մեկ անգամ շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար»: