կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-22 14:52
Քաղաքական

«Միլսի հայտարարության մեջ ոչինչ չկա, որը հակասում է այսօրվա իշխանության գաղափարախոսությանը»

«Միլսի հայտարարության մեջ ոչինչ չկա, որը հակասում է այսօրվա իշխանության գաղափարախոսությանը»

Ներկայիս իշխանության՝ Արցախի հարցում վարած քաղաքականությունը շարունակությունն է դեռևս 1994-ին հիմք դրված քաղաքականության. լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական գործիչ  Ազատ Արշակյանը:

Նրա խոսքով՝ կառուցողական քաղաքականություն են վարում ներկայիս իշխանությունները՝ ղեկավարվելով 3 սկզբունքով՝ ազգերի ինքնորոշման իրավունք, սահմանների անձեռնմխելիություն և ուժ չկիրառել:

«ԱՄՆ-ի առաքելությունը, ինչպես իրենք են հայտարարել, ազգերի ինքնորոշման իրավունքն է, և հենց ԱՄՆ-ն այս առաքելությունը հանի իր անկախության դեկլարացիայից, ինքնալուծարման կգնա: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հզոր պաշտպան ունի՝ ԱՄՆ-ն է, և նրանից ազդված ԵՄ-ն ու մի քանի այլ երկրներ՝ աշխարհի տարբեր մասերում: Իսկ ուժ չկիրառելն ու սահմանների անձեռնմխելիության հարցը քննարկման թեմաներ են»,- ասաց Արշակյանը:

Նրա խոսքով՝ այսօրվա ամենամեծ խնդիրներից մեկն արտագաղթն է, և Եվրոպան 20-30 մլն ներգաղթյալներ ունի, որոնց համարում է ժամանակավոր, քանի որ պետք է վերադառնան իրենց հայրենիքը: «Բաքվի հայերը, ադրբեջանաբնակ հայերը հնարավորություն չունեն վերադառնալու իրենց հայրենիքը: Եթե Արցախի 2 կամ 7 նահանգները հանձնենք, բաքվեցիները որտե՞ղ են ապրելու, երբ վերադառնան, այսինքն՝ մի թիզ հող չենք հանձնելու, բոլորն էլ հասկանում են»,- ասաց Արշակյանը:

Քաղաքական գործիչ Վոլոդյա Հովհաննիսյանն էլ, անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեպսան Ռիչարդ Միլսի հայտարարությանը, նշեց, որ նրա հայտարարության մեջ ոչինչ չկար, որը հակասում էր այսօրվա իշխանությունների գաղափարախոսությանը և Ղարաբաղյան հարցին մոտեցմանը: Նրա խոսքով՝ շատերը գիտեն թե' Լևոն Տեր-Պետրոսյանի, թե' Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները «օկուպացված տարածքների» վերաբերյալ:

«Բուլղարացի մի թուրքագետ կա, որը գտնում է, որ թուրքերն իրենց ազգային խնդիրներից երբեք չեն հեռանում և չեն ներում, եթե իրենց ազգային, էթնիկական տարածքն ինչ-որ մեկը վերցնում է: Հիմա մենք իրենցից էթնիկական տարածք ենք վերցրել, մեր պատմական հողերն են, բայց իրենց ազգային, էթնիկական տարածքի մեջ են մտնում: Թուրքերը մինչև վերջ իրենց բոլոր ռեսուրսները ներդնելու են այդ հողերը հետ վերցնելու համար»,- ասաց Հովհաննիսյանը:

Ազատ Արշակյանը հետաքրքրվեց, թե, «մինչև վերջ» ասելով, Հովհաննիսյանը նկատի ունի մինչև վերջին թուրքը, ինչին ի պատասխան Հովհաննիսյանն ասաց, որ չգիտի՝ մինչև վերջին թուրքը, թե` վերջին թրքախոսը: «Ես այդ տարածքներում ոտքով քայլել եմ՝ զենքը ձեռքիս: Ես գրավել եմ դրանք: Ով համարձակվի այդ հողերին դիպչել, կդառնա իմ ամենաթեժ թշնամին: Մեր պետական մոտեցումն այն պետք է լինի, որ մենք պետք է մեր կառավարման ռեսուրսներով կարողանանք այդ հողերը պաշտպանել, սակայն այսօրվա մեր իշխանության վարած քաղաքականությունը թուլացնում է այդ տարածքների պաշտպանությունը»,- ասաց նա: