կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-28 11:51
Քաղաքական

Դատական համակարգում թերությունները կապել Գագիկ Հարությունյանի կամ Գևորգ Դանիելյանի հետ` արդար չէ. Ալիկ Սարգսյան

Դատական համակարգում թերությունները կապել Գագիկ Հարությունյանի կամ Գևորգ Դանիելյանի հետ` արդար չէ. Ալիկ Սարգսյան

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, խորհրդարանում պատասխանելով լրագրողների հարցին` ձևավորվում է նոր բարձրագույն դատական խորհուրդ, թեկնածուներից ո՞վ է նորություն համակարգում, որ նրանով դատական համակարգը պետք է կայանա, փոփոխվի, ասաց՝ կարծում է` նորության խնդիրը չէ: «Ես կզարմանայի նույնիսկ, որ նորություն լիներ: Չեմ կարծում, որ ինչ-որ նոր, հանրությանը ոչ հայտնի մեկի հայտնվելն այդ խորհրդում պետք է հույս ներշնչեր, որ դրանով էլ հենց փոփոխություններ պետք է լինեն»,- ասաց նա:

Հարցին` Գագիկ Հարությունյանը պե՞տք է հույս ներշնչի, պատասխանեց. «Ինչո՞ւ Գագիկ Հարությունյանը չպետք է հույս ներշնչի, մարդը երկար տարիներ աշխատել է, պրոֆեսիոնալ է, վատ համբավ չունի հասարակության մեջ»:

Դիտարկմանը` նա միշտ եղել է դատական իշխանության մեջ, որը կոռուպցիայի մեջ է եղել, Սարգսյանն արձագանքեց. «Ես չէի ուզենա` մի մարդու հետ կապեիք այս ամեն ինչը, չէի փորձի հատուկ պարզաբանումներ անել կամ արդարացնել դատական համակարգը: Իհարկե, խնդիրներ, թերություններ շատ կան, բայց կապել դա Գագիկ Հարությունյանի կամ Գևորգ Դանիելյանի հետ, կարծում եմ` արդար չէ: Նրանք երկուսն էլ պատվով են աշխատել, որևիցե մի բիծ, զգալի թերություն այս տարիների ընթացքում թույլ չեն տվել»:

Հարցին էլ` նրանք լծակ չե՞ն ունեցել` ազդելու դատական համակարգի վրա, պատգամավորը կարծիք հայտնեց, որ չեն ունեցել, և եթե ունեցած լինեին, անպայման կգործեին: «Հիմա ես ավելին չեմ մեկնաբանի, մի բան կասեմ, որ եթե որևիցե թերություն կա, որը մինչև էս հասարակության ուշադրությունն է գրավել, և դա կապում եք Գագիկ Հարությունյանի կամ Գևորգ Դանիելյանի հետ, արդար չէ»,- ասաց նա:

Ըստ Սարգսյանի` լծակները կիրառել են այնքանով, որքանով ստացվել է, որքանով հաջողվել է: «Ես չեմ կարծում, թե Սահմանադրական դատարանի նախագահը կամ գլխավոր դատախազը կարող էին այն աստիճանի փոփոխության ենթարկել համակարգը, որ այսօր  այդ համակարգը զերծ մնար այս տիպի քննադատություններից: Մի բան քաջ գիտակցեք, որ գոյություն ունի մի ամբողջ համակարգ, որի մեջ անհատ մարդիկ որոշակի դերակատարություն կարող են ունենալ ոչ այն աստիճանի, ինչը որ դուք ենթադրում եք: Այս համակարգը այսպես, թե այնպես գործում է, այնընդհանուր մի մարմին է, մի մեծ օրգանիզմ է, և մի օրգանի լավ կամ վատ աշխատելը ամբողջ օրգանիզմը փոխել չի կարող»,- շեշտեց նա:

Հարցին` ի՞նչն է փոխվել, որ հիմա կարծում են, թե այս թեկնածուները կկարողանան դատական համակարգի ու դատավորների անկախությունն ապահովել, Սարգսյանը պատասխանեց. «Դուք ուզում եք, որ ես հույս հայտնեմ, որ վաղը լույսը կբացվի և այս նույն խորհրդի ստեղծմամբ դատական համակարգը հարյուր տոկոսով կփոխվի, դուք ուզում եք` ես այդպիսի մի՞տք արտահայտեմ, չեմ արտահայտի, դա իմ լիազորությունից վեր է: Դեռ երկար ժամանակ դատական համակարգը կշարունակվի լինել այնպիսին, ինչպիսին կա, բայց դրա համար համակարգային փոփոխություններ են պետք, ինչն էլ այս մարդիկ մեզ խոստանում են: Նրանք ունեն փոխելու մտադրություն, ես կարծում եմ` պետք է հավատալ նրանց»: