Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ի պատիվ պաշտոնական այցով Արգենտինայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի՝ այսօր տրվել է պաշտոնական ճաշ: Ձեզ ենք ներկայացնում Սերժ Սարգսյանի բաժակաճառը ՀՀ Նախագահի պատվին տրված պաշտոնական ճաշին.
Հարգարժա՛ն ներկաներ,
Ինձ համար մեծ պատիվ է պաշտոնական այցով գտնվել հյուրընկալ արգենտինյան հողում, և ես շնորհակալ եմ այս ջերմ հյուրընկալության համար: Մեծ հաճույք է նաև գտնվել «Բարի քամիների» քաղաքում` տանգոյի համաշխարհային մայրաքաղաք Բուենոս Այրեսում, որն ինքնին լի է այդ պարի ոգով և մեղեդիներով: Օգտվելով առիթից` ուզում եմ շնորհավորել Արգենտինայի բարեկամ ժողովրդին գալիք տոնի` Արգենտինայի անկախության օրվա կապակցությամբ :
Արգենտինական պետականության ակունքներին կագնած այրերի՝ գեներալ Սան Մարտինի և այլոց ազատատենչ տեսլականի շնորհիվ էր, որ արգենտինացի ժողովուրդը հետագա դարերի ընթացքում կերտեց իր այսօրվա հաջողությունների հիմքը:
Մաղթում եմ Արգենտինայի բարեկամ ժողովրդին առաջընթաց, բարեկեցություն և հաջողություն: Անցած երկու տասնամյակների ընթացքում երկուստեք մեծ աշխատանք է տարվել հայ-արգենտինական փոխշահավետ համագործակցությունն ու գործընկերային սերտ կապերն ամրապնդելու ուղղությամբ: Պատահական չէ, որ Հայաստանն ու Արգենտինան տարածաշրջանային առաջին դեսպանությունները հիմնեցին հենց միմյանց մայրաքաղաքներում:
Հայաստանի և Արգենտինայի միջև առկա են համագործակցության մի շարք հեռանկարային ոլորտներ՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաներ, առողջապահություն և այլն: Այստեղ մենք արդեն ունենք հպարտության արժանի ձեռքբերումներ. Հայաստանում կատարված ներդրումների ծավալով Արգենտինան աշխարհի պետությունների շարքում այսօր զբաղեցնում է երրորդ տեղը: Այս կարևոր ձեռքբերման մեջ, իհարկե, մեծ է մեր կողմից շատ սիրված արգենտինահայ անվանի գործարար պարոն Էդուարդո Էռնեկյանի դերը: Եկել է պահը նորովի իմաստավորելու լատինամերիկյան երկրների հետ Հայաստանի համագործակցությունը:
Մեր ցանկությունն է, որ Արգենտինան Հայաստանի համար յուրատեսակ դարպաս լինի դեպի հարավամերիկյան տարածա-շրջան: Հայաստանն էլ կարող է կապել Արգենտինան Մաքսային միության և ԱՊՀ երկրների հետ: Հայաստանում լավ են ճանաչում Արգենտինայի հարուստ մշակույթը՝ երաժշտությունը, գրականությունն ու կինոարվեստը: Տանգոյի ամենամյա փառա-տոնը, որն իրականցվում է Արգենտինայի դեսպանության հովանավորությամբ, դարձել է Երևանի մշակութային կյանքի կարևոր իրադարձություններից:
Որպես մշակութային կապերի հիշարժան դրվագ` ակամայից մտաբերեցի 2012թ. գրքի միջազգային մայրաքաղաքի տիտղոսը Բուենոս Այրեսից Երևանին փոխանցելու արարողությունը: Թերևս տեղին է այստեղ հիշատակել մեծն Բորխեսի խոսքերը. «Ամեն ոք յուրովի է պատկերացնում դրախտը. ես այն մանկուց պատկերացրել եմ որպես մեծ գրադարան»:
Տիկնայք և պարոնայք,
Օգտագործելով այս առիթը՝ իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Արգենտինային, Նախագահ դե Կիրշներին և իր երջանկահիշատակ ամուսնուն, Նախագահ Նեստոր Կիշներին` Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում ներդրած մեծ ավանդի համար: Սա առավել արդիական է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, երբ աշխարհասփյուռ հայությունը և ողջ առաջադեմ մարդկությունը ցեղասպանության հարյուրամյակի շրջանակներում հարգանքի տուրք են մատուցելու անմեղ զոհերի հիշատակին:
Հայ և արգենտինացի ժողովուրդների միջև բարեկամության խորացման գործում անգնահատելի դերակատարություն ունեն Արգենտինայում հաստատված հայերը: Մեր հայրենակիցների մի ստվար հատված այս հեռավոր և հյուրընկալ ափերում հայտնվել են հենց Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության հետևանքով: Հիրավի, ճշմարիտ է ասված, որ փորձության պահին երբեք չգիտես, թե որտեղից կգա սփոփանքն ու հույսը:
Մենք հավերժ երախտապարտ ենք Արգենտինային Մեծ Եղեռնը վերապրածներին գրկաբաց ընդունելու, պատսպարելու և նոր կյանք սկսելու հնարավորություն ընձեռելու համար: Իրենց հպարտորեն արգենտինացի կոչելով հանդերձ, արգենտինահայերը հպարտ են իրենց հայկական արմատներով, ազգային հարուստ մշակույթով և ավանդույթներով:
Սիրելի բարեկամներ,
Ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին գտնվելով Բուենոս Այրեսում՝ չեմ կարող, իհարկե, չհիշատակել` ոչ միայն Արգենտինայում, այլ նաև Հայաստանում ամենասիրված այդ մարզաձևը:
Մեր երիտասարդ սերնդի համար Արգենտինան նախ և առաջ ֆուտբոլային գերտերություն է, Մարադոննայի և Մեսսիի երկիրը: Կարող եմ վստահեցնել, որ Հայաստանի բնակչության զգալի հատվածը երկրպագում է ձեր երկրի հավաքականին, որին ես մաղթում եմ մեծ հաջողություններ: Ավարտելով խոսքս՝ առաջարկում եմ բաժակ բարձրացնել և առողջություն մաղթել տիկին Նախագահին, բաժակ բարձրացնել ի փառս Արգենտինայի, նրա տաղանդավոր, աշխատասեր և բազմավաստակ ժողովրդի, ի հարատևություն հայ-արգենտինյան բարեկամության:
Կեցցե՛ն Հայաստանն ու Արգենտինան:
Կեցցե՛ հայ-արգենտինյան բարեկամությունը: