կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-27 13:15
Քաղաքական

Տեսնո՞ւմ եք դատական համակարգի անկախությունը. Աղվան Վարդանյանը` 1 տարի առաջ «Ելք»-ի ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածուին

Տեսնո՞ւմ եք դատական համակարգի անկախությունը. Աղվան Վարդանյանը` 1 տարի առաջ «Ելք»-ի ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածուին

ԱԺ-ում ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի կողմից ներկայացված` Բարձրագույն դատական խորհրդի կազմի ներկայացուցիչները շարունակում են պատասխանել պատգամավորների հարցերին: Երրորդ պաշտոնում ներկայացված Լիպարիտ Մելիքջանյանին հարց ուղղեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա նշեց, որ Մելիքջանյանն իր նախաբան խոսքում ասաց, թե ինչու է համաձայնել թեկնածությունն առաջադրելուն, և դա շատ հիմնավոր տեսակետ էր:

«Գաղտնիք չէ, որ Ձեզ առաջադրել են ՀՀԿ և ՀՅԴ կուսակցությունները, գաղտնիք չէ, որ Դուք մեկ տարի առաջ մասնակցել եք ընտրություններին «Ելք» դաշինքի ցուցակով: Դուք նոր Սահմանադրությամբ դատական բարձրագույն խորհրդին տրված լիազորությունների շրջանակներում տեսնում եք դատական համակարգի անկախությանն ուղղված աշխատանքներ կատարելու ռեալ հնարավորություն և կարծում եք, թե ձեր քաղաքական հայացքները խոչընդոտ չեն այս պաշտոնը զբաղեցնելու համար, այդ պատճառով էլ համաձայնե՞լ եք»,- հետաքրքրվեց պատգամավորը:

Մելիքջանյանն արձագանքեց, որ ելույթում էլ նշել է, որ իրեն կատարվել է մի առաջարկություն, որը, իր պրոֆեսիոնալ մոտեցումներից ելնելով, պարզապես չէր կարող չընդունել` ելնելով թե' հայրենիքի նկատմամբ ծառայությունից, թե' իր մասնագիտական կարողություններն ու ունակությունները ներդնելու նպատակից, մանավանդ, որ, ուսումնասիրելով այդ կարողությունները, դատական խորհրդի ձևավորման համար պատասխանատու անձինք համարել են, որ այնտեղ անելիք և ասելիք ունի:

«Ինչ վերաբերում է իմ քաղաքական կենսագրությանը, ապա դա տևել է ընդամենը մեկ ամիս: Ես որևէ քաղաքական կուսակցության անդամ չեմ եղել, քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվել, պարզապես իմ անունը ներգրավվեց «Ելք»-ի ցուցակում: Ես բարձր եմ գնահատում «Ելք» դաշինքի գործունեությունը թե' ԱԺ-ում, թե' ԱԺ-ից դուրս, բայց կրկնում եմ` իմ քաղաքական կենսագրությունն այդ մեկ ամսով փակվել է, և մոտակա հինգ տարիների ընթացքում քաղաքական գործունեությունն ինձ համար փակ է»,- շեշտեց Մելիքջանյանը:

Վարդանյանն արձագանքեց, որ իր նպատակն ամենևին արդարացման փորձը չէ: «Ես ուզում էի արձանագրել, որ Դուք տեսնում եք  այս նոր ստեղծվող համակարգին ծառայելու և դրանով իսկ Հայաստանում դատական համակարգի անկախությանը նպաստելու ռեալ հնարավորություն»,- ասաց պատգամավորը:

«Ես չեմ արդարանում, բավական մեծ եմ գնահատում «Ելք»-ի աշխատանքը, համակրում եմ «Ելք»-ին, բայց քաղաքական էջն ինձ համար փակ է»,- եզրափակեց Մելիքջանյանը: