Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բարձրագույն դատական խորհուրդը, կոչված է՝ երաշխավորել դատավորների անկախությունը, սակայն դատավորների նկատմամբ վերջին շրջանի կարգապահական վարույթների վերաբերյալ կայացված որոշումներով տպավորություն է ստեղծում, որ հենց ինքն է միջամտություն իրականացնում դատավորների նկատմամբ կամ վտանգում անկախությունը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւան ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն նոյեմբերի 29-ին դատավոր Զարուհի Նախշքարյանին խիստ նկատողություն էր հայտարարել՝ «Շուշան Փաշինյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի» գործով ինքնաբացարկ չհայտնելու համար։
Դատավոր Դավիթ Հարությունյանը նշեց, որ այստեղ խնդիրը նախևառաջ Արդարադատության նախարարի հարուցած վարույթների մեջ է.
«Մենք՝ դատավորներս, այն համոզմանն ենք, որ Արդարադատության նախարարությունն ընդհանրապես դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու լիազորություն չպետք է ունենա։ Դա միայն մեր դիրքորոշումը չէ, այն արտացոլված է միջազգային բազմաթիվ հեղինակավոր կազմակերպությունների զեկույցներում, ինչպես նաեւ GRECO-ի հայտնի այն զեկույցը, որում արձանագրված է, որ Արդարադատության նախարարության կողմից հարուցված վարույթներն անթույլատրելի միջամտություն են դատարանների անկախության նկատմամբ»։
Դավիթ Հարությունյանի համար առավել մտահոգիչն այն է, որ այդ վարույթները ԲԴԽ-ն ոչ միայն ընդունելի է համարում, այլ նաեւ նման վարույթներով, իր համար անհասկանալի որոշումներով, առավել խիստ պատիժներ է սահմանում։
«Իմ գնահատմամբ՝ Նախշքարյանի վերաբերյալ վարույթն ի սկզբանե արդեն իսկ ապօրինի է, ու նման պայմաններում գնահատում եմ, որ ԲԴԽ-ն՝ կոչցված լինելով երաշխավորել դատավորների անկախությունը, անհամաչափ միջամտում է դատարանների գործունեությանը»,- նշեց դատավոր Հարությունյանը։
Դավիթ Հարությունյանն ասաց, որ դատավոր Նախշքարյանը պրոֆեսիոնալ լավագույն հատկանիշներով օժտված, անկախ դատավոր է. «Դատավորների նկատմամբ նման վարույթներն ու սանկցիաներն ուղղակի վտանգում են, թե իրեն, թե բոլորիս։ Վտանգն այն է, որ դա կարող է ու ունենում է վատ ազդեցություն ընդհանուր համակարգի անկախության վրա»։
Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ ԲԴԽ-ի այդ որոշումով խիստ նախազգուշացում է արվում Նախշքարյանին՝ ցանկալի որոշումներ կայացնել, Դավիթ Հարությունյանը պատասխանեց.
«Ես համոզված եմ, ու բոլորն էլ գիտեն, որ Նախշքարյանի տեսակն այնպիսին է, որ նման որոշումները, ընդհուպ լիազորությունրի դադարեցումը վերջինս չի փոխի։ Նա իր դիրքորոշմանն ու առաքելությանը չի դավաճանի»։
Նշենք, որ ԲԴԽ-ի կողմից կայացված այս որոշումը վրդովվեցրել է փաստաբանական համայնքին եւ մի շարք դատավորներին։ Նրանք պնդում են, որ դատավորի նկատմամբ քաղաքական ճնշումներ են իրականացվում, քանի որ Նախշքարյանը իշխանություններին հաճելի որոշումներ չի կայացնում։
Աղբյուրը՝ NEWS.am