Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԼՀԿ-ն դեմ է քվեարկելու «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված` ԲԴԽ թեկնածուին. այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ամբիոնից հայտարարեց խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:
Նա մասնավորապես նշեց. «ԼՀԿ-ն ցանկանում էր առաջադրել ԲԴԽ անդամի թեկնածու, և այդ հարցի շուրջ բանակցություններ էին գնում «Իմ քայլը»-ի հետ: Մենք առաջին երկու թեկնածուներին կողմ քվեարկեցինք` փորձելով ստեղծել դրական աուրա, գործընկերային մթնոլորտ, որպեսզի կարողանանք բանակցությունները շարունակել և հասնել ինչ-որ դրական հանգրվանի: Բայց, ցավոք, պետք է արձանագրել, որ մեր ներկայացրած երկու թեկնածուներն էլ մերժվել են մեծամասնության կողմից և մերժվել են որոշ դեպքերում թեթևակի մեկնաբանությամբ, որոշ դեպքերում` առանց մեկնաբանության:
Մենք կանգնում ենք խնդրի առաջ, որովհետև հին ավանդույթները, որ միայն պետք է մեծամասնությունը կարողանա առաջադրել մարդկանց տարբեր անկախ մարմիններում, շարունակվում են մինչև օրս: Սա խնդիր է դառնում առաջին հերթին անկախ մարմինների համար, որոնցում, փաստորեն, այլևս չեն լինում ամբողջ քաղաքական բազմազանությունը ներկայացնող անձինք: Սրանով ոչ միայն խախտվում է քաղաքական բազմազանությունն` առհասարակ, այլև խմբակցությունների կողմից անկախ մարմիններում թեկնածուներ առաջադրելու իրավունքը դառնում է պատրանքային, անիրագործելի, որովհետև այն ընդհանրապես չի կարողանում կյանքի կոչվել: Ելնելով այս ամենից, մեծամասնության այս գործելաոճից, բանակցությունները տապալելու այս քայլերից՝ ԼՀԿ-ն դեմ է քվեարկելու»,- հայտարարեց պատգամավորը:
Ելույթին ի պատասխան`ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ընդդիմադիր խմբակցության ներկայացրած թեկնածուի` օրենքով սահմանված փորձառությունը չի բավարարել:
Խորհրդարանի ԲՀԿ խմբակցության անունից ելույթ ունեցավ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Նա ասաց. «Մենք այսօր քննարկում ենք մի ընտրություն, որն էական նշանակություն ունի երկրի արդարադատության կայացման համար: Պետք է կարողանանք ԲԴԽ այնպիսի կազմ ընտրել, որն ի վիճակի կլինի առաջնայնության իրավունքով նոր հարաբերությունները և իրողությունները արդարադատության համակարգում ներարկել, ինչպես նաև` գաղափարների փոխանցվելու իմաստով»:
Պատգամավորը հավելեց, որ եթե հենց սկզբից ճիշտ ընտրություն չկատարեն, ոչինչ չեն կարող ակնկալել հետագա ընթացքից: «Շատ կարևորում ենք այս ընտրությունը: Ներկայացված թեկնածուն բոլոր պարամետրերով բավարարում է մեր պահանջներին, բայց էական նշանակություն ունի առաջադրման կարգը: Ես կարևորում եմ, որ դա պետք է լինի մրցակցային, և պետք է բոլոր հարթակներում մրցույթներով անցկացնենք նման ընտրությունները: Առաջարկում եմ սեպտեմբերից աշխատել մի նախագծի վրա, որը շատ կկարևորի ընտրության առաջադրման կարգը: Այսուհետև եթե մենք պետք է նման կարգի ընտրություն անենք, դա պետք է լինի իսկապես ընտրություն, և հանրային հարթակներում պետք է քննարկվի թեկնածուի որակը»,- եզրափակեց պատգամավորը:
Հավելենք, որ ԲԴԽ անդամի ընտրության քվեարկությունը կկայանա նիստերի դահլիճին կից միջանցքում: Այն կտևի 14:20-ից մինչև 15:00-ն: