Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2020թ. հունվարի 30-ին ՀՀ գլխավոր դատախազությունում մեղադրական եզրակացությամբ ստացվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործն ըստ մեղադրանքի Հ. Ա.-ի եւ Ա. Գ.-ի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն, ակոսափող հրազենի փամփուշտներ եւ ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու եւ պահելու համար:
Դատախազությունից yerkir.am-ին հայտնում են, որ քրեական գործի նախաքննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ Հ. Ա.-ն ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, ձեռք է բերել մեկ տասնյակից ավելի քանակությամբ տարբեր տեսակի հրազեն հանդիսացող զենքեր եւ շուրջ երեք հազար՝ կրակվելու համար պիտանի, ռազմամթերք հանդիսացող գործարանային արտադրության փամփուշտներ:
Հ. Ա.-ն Արարատի մարզի Մրգավետ գյուղի բնակիչ Ա. Գ.-ի հետ նախնական համաձայնությամբ, վերոնշյալ զենքերը եւ ռազմամթերքը ապօրինի կերպով փոխադրել ու պահել են Արարատի մարզի Մխչյան գյուղում գտնվող, փաստացի ՀՀ նախկին վարչապետներից մեկին պատկանող՝ Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքում: ՀՀ ազգային անվտանգության աշխատակիցների համապատասխան ստորաբաժանման ծառայողների կողմից 2018թ. օգոստոսի 6-ին այդ տարածքում կատարված խուզարկությամբ նշված զենք զինամթերքը հայտնաբերվել եւ առգրավվել է:
Առաջադրված մեղադրանքի կապակցությամբ Հ. Ա.-ն դիրքորոշում չի հայտնել եւ հրաժարվել է ցուցմունք տալ: Մինչդեռ Ա. Գ.-ն հայտնել է, որ թեեւ իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում, սակայն զղջում է կատարածի համար եւ տվել է խոստովանական ցուցմունք, որը պնդել է Հ. Ա.-ի հետ առերեսվելիս:
Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հաստատվել է նշված քրեական գործով մեղադրական եզրակացությունը, եւ քրեական գործն ուղարկվել է ՀՀ Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: