Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է միջոցառումները սպասարկման որակի բարելավման, ընթացակարգերի կրճատման և պարզեցման ուղղությամբ՝ նոր ծառայություններով նպաստելով արտաքին տնտեսական գործունեության դյուրացմանն ու խթանմանը: ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը շրջայց է կատարել Արարատյան մաքսատուն-վարչությունում, որտեղ ներկայացվել են սպասարկման նոր սրահի գործառույթները: Կոմիտեի ղեկավարի հանձնարարականով խնդիր է դրվել՝ բիզնեսին մատուցել արագ, քաղաքակիրթ ու որակյալ ծառայություն՝ սպասարկումն իրականացնելով «մեկ պատուհան» սկզբունքով: Վարդան Հարությունյանը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքներից, հավելելով, որ Հանրապետության Նախագահը դեռևս տարեսկզբին հանձնարարել է՝ մաքսային ձևակերպումների գործընթացը հնարավորին կարճ ժամանակահատվածում տեղափոխել էլեկտրոնային հարթակ: «Նոր սրահի գործարկումն այդ շղթայի մի օղակն է, մինչև ապրիլ կիրագործենք ՀՀ նախագահի հանձնարարականը և մաքսային գործին առնչվող ամբողջ գործընթացը կտեղափոխենք էլեկտրոնային հարթակ, ինչն ավելի դյուրին կդարձնի տնտեսվարողների գործունեությունը՝ կազմակերպելով աշխատանքն անմիջապես գրասենյակներից»,-ընդգծել է ՊԵԿ նախագահը:
Արարատյան մաքսատուն-վարչության պետ Արմեն Սարգսյանի տեղեկացմամբ՝ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով մաքսատանն առանձնացվել և հիմնովին վերանորոգվել է հատուկ մասնագիտացված սպասարկման սրահ՝ մեկ հարկի տակ կենտրոնացնելով մաքսային ձևակերպումներին առնչվող բոլոր գործառույթները, այդ թվում՝ գանձումների մասով: Սրահն ապահովված է առօրյա աշխատանքի համար անհրաժեշտ պայմաններով: Ժամանակակից լուծումներով և տեխնոլոգիաներով հագեցած կառույցը նոր որակ է հաղորդում արտաքին տնտեսական գործունեության սպասարկմանը: Մաքսատան առաջին հարկում տեղադրված մոնիթորի միջոցով տնտեսվարողները հնարավորություն ունեն հետևել սպասարկման սրահի աշխատանքներին: Իսկ հերթագրումն իրականացվում է համակարգչային եղանակով, դրանով գործընթացը դարձնելով առավել թափանցիկ, բացառելով մաքսավոր-բիզնես նախնական պայմանավորվածության հնարավորությունը: Մեկ այլ նորամուծությամբ էլ տնտեսվարողը, սպասարկվելուն զուգահեռ, համակարգչով միաժամանակ դիտարկում է սպասարկող մաքսային տեսուչի աշխատանքը և հետևում ձևակերպումներին:
Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների հավաստմամբ՝ նոր փոփոխություններով սպասարկումը դարձել է ավելի արագ, պարզ և քաղաքակիրթ, ինչ թույլ է տալիս բարձր արդյունավետությամբ և ժամանակի տնտեսմամբ կազմակերպել աշխատանքը:
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին