կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-15 17:45
Տնտեսական

ՊԵԿ քննչական վարչությունում առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքերով քրգործեր են հարուցվել «կարգոների» նկատմամբ

ՊԵԿ քննչական վարչությունում առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքերով քրգործեր են հարուցվել «կարգոների» նկատմամբ

Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել և քննվում են քրեական գործեր՝ Թուրքիայից, Չինաստանից, ԵԱՏՄ անդամ պետություններից տարբեր տեսակի ապրանքների ներկրմամբ, մեծածախ և մանրածախ եղանակներով իրացմամբ, ինչպես նաև երրորդ երկրներից ներմուծված ապրանքների՝ ԵԱՏՄ անդամ պետություններ արտահանմամբ զբաղվող «Սարգսյան Իմպորտ» և «Արմ Ընդ Ման» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքերով:

Նախաքննության ընթացքում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ «Սարգսյան Իմպորտ» և «Արմ Ընդ Ման» ընկերությունները՝ այսպես կոչված «կարգոները»,  զբաղվել են տարբեր տնտեսվարողներին պատկանող բեռների Հայաստան տեղափոխմամբ և դրանց մաքսազերծմամբ:

Ձեռք բերված տեղեկությունների համաձայն՝ «Արմ Ընդ Ման» ընկերության իրական սեփականատերը հանդիսացել է Երևանի Թումանյան փողոցի 1/2 հասցեում գործող «Երևան Տուր» անվամբ տուրիստական ընկերության հիմնադիր Կարլեն Մկրտչյանը, իսկ «Սարգսյան Իմպորտ» ընկերության սեփականատերը՝ Երևանի Սարյան փողոցի 25 հասցեում գործող «Բագրատուր» ընկերության տնօրեն Բագրատ Նավոյանը:

Քրեական գործերի շրջանակում դատարանի համապատասխան որոշումների հիման վրա մոտ 10 հասցեներում կատարվել են խուզարկություններ, այդ թվում «Երևան տուր» և «Բագրատուր» տուրիստանական ընկերությունների գրասենյակներում, որոնց ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են գործի համար նշանակություն ունեցող հաշվապահական հաշվառման փաստաթղթեր և գումար:

Քրեական գործերի շրջանակում բազմաթիվ անձինք հրավիրվել են հարցաքննության, ներկա պահին ձեռնարկվում են համապատասխան քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պետությանը պատճառված վնասի վերջնական չափը պարզելու և վերականգնելու ուղղությամբ: Նախնական հաշվարկով պետությանը պատճառվել է ավելի քան 2 միլիարդ դրամի վնաս: Կատարվում է նախաքննություն:

ՀՀ Սահմանդրության 21-րդ հոդվածի համաձայն` հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին