կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-06 17:05
Առանց Կատեգորիա

Որոշ փոփոխությունների համար բուհերին ժամանակ կտրվի. ինչ է խոստանում բարձրագույն կրթության մասին նոր օրենքը

Որոշ փոփոխությունների համար բուհերին ժամանակ կտրվի. ինչ է խոստանում բարձրագույն կրթության մասին նոր օրենքը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծին, և այն առաջիկայում կքննարկվի Ազգային ժողովում: Նոր օրենքը փոփոխություններ է խոստանում, որոնք կյանքի կոչելու համար բուհերին 3 տարի ժամանակ կտրվի: Օրենքի նոր դրույթների շուրջ՝ համատեղ կամ կրկնակի որակավորում, համատեղ կրթական ծրագրեր, բուհերի միջազգայնացում, նախաբակալավրիատ, ամբողջական և մասնակի բեռնվածությամբ ուսուցման ներդրում և այլն, Yerkir.am-ը զրուցել է ՀՀ ԿԳՆ աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության մասնագիտական կրթության կազմակերպման և համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Արսեն Հակոբյանի հետ:

Կրթության եռաստիճան համակարգ, նախաբակալավրիատ

Կրթության եռաստիճան համակարգ է ներդրվում, և եթե նախկինում բարձրագույն կրթության աստիճաններն էին բակալավրիատը և մագիստրատուրան, ապա նոր օրենքով ասպիրանտուրան կհամարվի բարձրագույն կրթության երրորդ աստիճան: Սահմանվել է ուսումնառության տևողության նվազագույն շեմ յուրաքանչյուր աստիճանի համար, օրինակ` բակալավրի դեպքում 3 տարին կլինի նվազագույնը:

Բացի այդ՝ նախաբակալավրիատ հասկացությունը կսկսի գործել, ինչն ընդունված է նաև դրսում. այն իր որակավորմամբ միջին մասնագիտական կրթությունից մի փոքր բարձր է, իսկ բակալավրիատից՝ ցածր: Նախաբակալավրիատում ուսանողն ավելի շատ ձեռք կբերի մասնագիտական գիտելիքներ /ակադեմիական մասն ավելի քիչ է/, ինչը թույլ կտա նրան հետագայում աշխատաշուկա հեշտ մուտք գործել: Նախաբակալավրիատը ոչ բոլոր մասանագիտությունների գծով կլինի, իսկ մասնագիտությունների ցանկը կհաստատի կառավարությունը:

Կունենանք նաև որակավորումների պետական գրանցամատյան, որում արձանագրված կլինեն անձի անցած բոլոր փուլերը՝ կրթության,  շնորհված որակավորումների առումով:

Ընդունելության և ավարտական քննություններ

Այսուհետ բուհերն են սահմանելու իրենց մուտքային պահանջները, անցողիկի շեմը, կազմակերպելու մրցույթը, ինչպես նաև հնարավոր է փոփոխություններ լինեն քննությունների անցկացման ձևի մեջ: Քննությունները կկազմակերպի Գնահատման և թեստավորման կենտրոնը: ՀՀ քաղաքացի հանդիսացող բոլոր դիմորդները, անկախ ընտրած մասնագիտությունից, կպարտավորվեն հանձնել քննություն «Հայոց լեզու» առարկայից:

Իսկ ավարտական ատեստավորման քննությունները, աշխատանքները համապատասխան կանոնակարգերով կլինեն, յուրաքանչյուր բուհ ինքը կորոշի իր ամփոփիչ ատեստավորման ձևերը՝ մասնագիտության առանձնահատկություններից ելնելով: Մագիստրոսական աստիճանում, օրինակ, հիմնականում շեշտը դրվելու է թեզի վրա, և բուհն ինքն է որոշելու՝ անհրաժե՞շտ է բակալավրի աստիճանում նաև ինչ-որ առարկայից ավարտական քննություն հանձնել, թե՞ ոչ:

Բուհերի ֆինանսավորում, հավասար մոտեցում մասնավոր և հանրային բուհերի նկատմամբ

Բուհերի ֆինանսավորումը լինելու է 4 տիպի՝ բազային, ուսանողական կրթաթոշակի տեսքով, մրցակցային, և մի նոր դրույթ է ավելացվել՝ բուհի ֆինանսավորման չափը կորոշվի բուհի գործունեության ցուցանիշների արդյունքների հիման վրա: Պետությունը կարող է ֆինանսավորել և մասնավոր հաստատությանը, սակայն մասնավոր  բուհը ևս պետք է առնվազն մի քանի կրթական ծրագրեր հավատարմագրի: Ներկայումս էլ ոչ պետական բուհ ունենք, որը նաև ինստիտուցիոնալ հավատարմագրում է ստացել և յուրաքանչյուր տարի որոշակի քանակությամբ անվճար տեղեր է պետությանը տրամադրում: Ինչ վերաբերում է անվճար տեղերին, ապա դրանք կդառնան պետական կրթաթոշակներ, որոնք էլ կապահովեն ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցումը: Պետական կրթաթոշակ կտրամադրվի՝  հաշվի առնելով ուսանողի սոցիալական անապահովության չափանիշներն ու առաջադիմության արդյունքները:  

Վարձավճարների անհարկի բարձրացում չի սպասվում

Վարձավճարների հետ կապված նաև այս պահին ունենք գործող իրավական ակտ, և ըստ կրթական աստիճանների ու հավատարմագրման արդյունքների՝ կառավարությունը սահմանել է ուսման վարձի առավելագույն շեմ: Նոր օրենքով այն ևս սահմանվել ու ամրագրվել է: Չեմ կարծում, որ առաջիկայում վարձավճարների փոփոխություն կլինի, քանի որ վարձավճարների բարձրացումը բուհի շահերից նույնպես չի բխի՝ հաշվի առնելով ներկայիս սոցիալական վիճակը:

Բուհերի ապաքաղաքականացում

Բուհերի կառավարման խորհրդի համամասնությունները փոխվել են. կառավարման խորհրդում կլինեն բուհի դասախոսական կազմից 30 տոկոս, ուսանողական համակազմից՝ 10 տոկոս, բուհի կողմից առաջարկված գործատուներից՝ 30 տոկոս /նրանք գիտխորհրդի կողմից են ներկայացված լինելու՝ ելնելով բուհի առանձնահատկություններից/: Այսինքն՝ եթե նախկինում բուհի կառավարման խորհրդում ¼ -ը կառավարության, իսկ ¼ -ը լիազոր մարմնի կողմից առաջադրված ներկայացուցիչներն էին, այժմ հիմնադրից և պետական կառավարման լիազորված մարմնի կողմից առաջադրված անձանց թիվը կլինի 30 տոկոսից ոչ ավելի /նախկին՝ 50 տոկոսի փոխարեն/:

Կարևոր է նաև այն փոփոխությունը, որ այսուհետ կառավարման խորհուրդներում չեն կարող ընդգրկված լինել մարզպետերն ու քաղաքական պաշտոններ զբաղեցնող մարդիկ: Բուհերի կառավարման խորհրդի կազմը կհաստատի ՀՀ վարչապետը, ինչը նաև գործող օրենսդրությամբ (այդ թվում՝ բուհերի կանոնադրությամբ) էր ամրագրված:

Բուհերի միջազգայնացում, օտար լեզվով դասավանդում

Նոր օրենքը լայն հնարավորություններ է ընձեռում՝ արտասահմանյան բուհերի հետ համատեղ կրթական ծրագրեր իրականացնելու առումով: Գործող օրենքն էլ տալիս է նման հնարավորություն, սակայն կարգավորումները հիմնականում ոչ ամբողջական են: Նոր օրենքով, օրինակ, ուսանողը կարող է իր ուսումնառության մի փուլը մեկ հաստատությունում անցկացնի, իսկ մյուսը՝ այլ պետության բուհերից մեկում, որի արդյունքում ուսանողը կունենա համապատասխան որակավորում: Սակայն այստեղ անելիք ունեն նաև բուհերը,  նրանք պետք է իրենց կրթական ծրագրերը համադրելի դարձնեն, որպեսզի ուսանողը հետագայում կրեդիտների ճանաչման հետ կապված խնդիրներ չունենա:

Բացի այդ՝ օրենքով ամրագրվում է նաև մեր բուհերում օտար լեզուներով դասավանդման հնարավորության ընձեռումը: Սա ավելի կարևորվում է մագիստրոսական և ասպիրանտական աստիճանում, քանի որ գիտական հետագա գործունեության ժամանակ օտար լեզվի իմացությունը խթան կարող է հանդիսանալ: Բուհը կարող է օտար լեզվով կազմակերպել դասավանդումն առանձին մասնագիտական դասընթացներով կամ դասընթացների առանձին թեմաներով, ուսումնական մոդուլներով, ինչպես նաև օտար լեզվով դասավանդում հնարավոր կլինի, եթե կրթական ծրագրի բովանդակությունը կապված է օտար լեզվի հետ, և եթե ուսումնառությունն իրականացվում է համատեղ կրթական ծրագրերի շրջանակներում: Մագիստրատուրայում օտար լեզվով դասավանդումը հնարավոր կլինի առարկաների առնվազն 30 տոկոսի, իսկ ասպիրանտուրայում՝ 50 տոկոսի համար:

Ներառական կրթությունը՝ պետական քաղաքականության հիմնական սկզբունքներից

Գիտենք, որ մինչև 2020-ը Հայաստանը պետք է համընդհանուր ներառման անցնի, և կարող ենք ասել, որ ներառական կրթությունը նոր օրենքում էլ հիմնական սկզբունքներից է: Այսինքն՝ սահմանվում է բարձրագույն կրթություն ստանալու պայմանների հավասարեցում յուրաքանչյուրի համար. անկախ անձի ֆիզիկական կամ մտավոր հնարավորություններից` պետք է ապահովվի կրթության իրավունքը: Բացի այդ` ունենք համապատասխան կարգավորումներ, ըստ որոնց՝ բուհի նախագծվող շենքերը կամ արդեն իսկ ներկայիս տարածքները պետք է  հարմարեցվեն առանձնահատուկ կրթության կարիք ունեցողների համար: Այս պահին էլ բուհերը որոշակի քայլեր իրականացնում են այդ ուղղությամբ, և մենք ամեն տարի արված քայլերի հաշվետվություն ենք ուզում:

Բուհերի լիցենզավորումն այլևս անժամկետ չի լինի

Նոր օրենքով` բուհերի լիզենցավորման պայմանները խստացվել են: Եթե նախկինում անժամկետ էր տրվում լիցենզիան, ապա այժմ բարձրագույն համակարգի որակական նոր փուլ ապահովելու նպատակով լիցենզավորումը ժամկետավորվել է: Նոր օրենքի համաձայն՝ բուհը 10 տարով կստանա լիցենզիա, սակայն եթե բուհն անցել է նաև ինստիտուցիոնալ հավատարմագրում, պետությունը ևս 7 տարի կերկարաձգի նրա լիցենզիայի ժամկետը:   Բացի այդ՝  պարտադիր կլինի նաև ծրագրային հավատարմագրումը, որի համար սահմանված են ողջամիտ ժամկետներ: Եթե բուհը նախատեսված ժամկետում չհավատարմագրի իր կրթական ծրագիրը, ապա իրավասություն կունենա շնորհելու ոչ թե դիպլոմ, այլ վկայական, ինչը, բնականաբար, չի բխում ո´չ բուհի, ո´չ ուսանողի շահերից:

Օրենքի կարևոր դրույթներից է նաև բուհերի հաշվետվողականության մեխանիզմի ստեղծումը. այսուհետ բուհերը պետության և հասարակության առջև հաշվետու կլինեն: Կունենանք նաև բուհերի կառավարման տեղեկատվական համակարգ, որը բուհի «անձնագիրը» կլինի, դրանում ֆիքսված կլինի անհրաժեշտ տեղեկատվություն ուսանողների, դասախոսների թվաքանակի, իրականացվող կրթական ծրագրերի, ուսումնական և հետազոտական գործընթացների վերաբերյալ և այլն:

Տարիքային սահմանափակում կլինի

Կրթության ոլորտում տարիքը նաև փորձ է, սակայն տարիքային սահմանափակումներ կլինեն ռեկտորի պարագայում և վարչական այլ պաշտոններում ևս աշխատելու համար` մրցույթին չեն կարող մասնացել 70 տարեկանից բարձր անձինք: Այսինքն՝ նրանք, ովքեր աշխատում են այժմ, կշարունակեն պաշտոնավարել մինչև պայմանագրի ժամկետի լրանալը, սակայն ռեկտոր դառնալ կամ վարչական թափուր աշխատատեղի համար դիմել կամ նոր անցկացվող մրցույթին այլևս մասնակցել չեն կարող: Այս կերպ նաև ինչ-որ չափով կադրերի երիտասարդացման խնդիրը կլուծվի:

Ամբողջական և մասնակի բեռնվածությամբ ուսումնառության կազմակերպում

Բուհերում հեռակա ուսուցման հնարավորությունն աստիճանաբար  կփոխարինվի ամբողջական կամ մասնակի բեռնվածությամբ ուսումնառության կազմակերպմամբ: Այս ուղղությամբ շատ աշխատանք ունենք կատարելու, ուստի անցումը նախատեսվել է երրորդ ուսումնական տարվանից սկսած: Ուսանողն ինքը ընտրություն կկատարի ուսումնառության նշված 2 տարբերակների միջև: Օրինակ` եթե բակալավրի կրթական աստիճանի համար ամբողջական բեռնվածության դեպքում ուսանողն անհրաժեշտ 240 կրեդիտը չի կուտակել 4 տարում, բայց ունի դրա առնվազն 75 տոկոսը, ապա նրան հնարավորություն է տրվում 2 ուսումնական տարվա ընթացքում լրացնելու պակասող կրեդիտները: Իսկ մասնակի բեռնվածության դեպքում բուհից չհեռացվելու համար պետք է կուտակի գումարային կրեդիտների առնվազն 50 տոկոսը և կարող է ուսումնառությունն ավարտել մինչև 8 տարում: 

Բարձրագույն կրթության մասին նոր օրենքը, որի վրա շուրջ երկու տարի աշխատել ենք և տարբեր սեկտորներում այն քննարկել, ինչպես տեսանք, միտված է բարձրագույն կրթության համակարգի մրցունակության բարձրացմանը, միջազգայնացմանը, բուհերի միջև մրցակցության բարձրացմանն ու հաշվետվողականության ապահովմանը: 

Կ. Հ.