Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հավաստիացնում է, որ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին սատարելու հարցի և, ընդհանրապես, նրա անձի շուրջ իրենց կուսակցությունում որևէ քննարկում չի եղել:
Yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ի՞նչ կարծիք ունեն Սարգսյանի մասին` որպես անհատի, նա պատասխանեց, որ անհատի բնութագիր չպետք է ակնկալել, այլ անձի, ով պետություն է ներկայացնելու:
«Հիմա թողնենք Սարգսյանին և այլ ազգանուն: Մենք անձին հանրապետության նախագահի պաշտոնում տեսնելու համար ոչ թե նրա միայն անձնական հատկանիշներն ենք նայում, այլ ամենագլխավորը` որքանով է հավակնում այդ դերը բարձր մակարդակով, ի նպաստ Հայաստանի հզորացման, բարգավաճման իրականացնել: Ես բացարձակ չեմ ճանաչում և բացասական ոչինչ ասել չեմ կարող նրա անձի վերաբերյալ: Ի թիվս բոլորի, նրան հարգանքով եմ վերաբերվում, որովհետև բացասական բան ասելու ո'չ առիթ եմ ունեցել, ո'չ հիմք»,- ասաց պատգամավորը:
Իսկ թե արդյո՞ք ընդունելի թեկնածու է Սարգսյանն իրենց համար, նա նշեց, որ քննարկում չի եղել խմբակցությունում: «Կարող է խմբակցությունում մի այնպիսի կարծիք հնչի, որ դառնա քննարկման առարկա, բայց այս պահի դրությամբ եթե դեռևս ոչինչ չի քննարկվել, ես ո'չ իրավական, ո'չ բարոյական առումով ճիշտ չեմ համարում ինչ-որ մերկապարանոց հայտարարություն անել»,- ասաց Պետրոսյանը:
Այս թեմայով քննարկման ձգձգվելը նա բացատրեց այն բանով, որ իրենց կուսակցության ղեկավարը երկրում չէր, նաև` դրա համար կան ժամկետներ: «Բացի այդ` նախ պետք է առաջադրվի այդ թեկնածուն»,- նշեց պատգամավորը:
Մեր դիտարկմանը` Սարգսյանն ասել է, որ որոշում կկայացնի, երբ բոլոր ուժերի հետ կհանդիպի, նա պատասխանեց. «Եթե պարոն Սարգսյանն այդպիսի հայտարարություն է արել, ինչպես ասում են` գնդակը նրա դաշտում է, և նա պետք է մեր կուսակցության ղեկավարի հետ հանդիպի, բայց նման հանդիպում եթե չի եղել, մենք էլ անժամանակ ենք համարում նրա գործնական անելիքների, գործնական կերպարի մասին երկարահունչ դատողություններ անելը»:
Պետրոսյանը չբացառեց, որ գուցե այս անգամ էլ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն ազատ քվեարկելու հնարավորություն ունենան: «Ոչինչ չի կարելի բացառել: Այս բոլոր հարցերի պատասխանը մոտ ապագայում պարզ կլինի»,- շեշտեց նա:
Պետրոսյանը չհստակեցրեց, թե հանդիպման ընթացքում ինչ թեմաներ են քննարկելու, ինչ հարցադրումներ են հնչեցնելու թեկնածուին: «Եթե քաղաքական ուժերը պետք է դիրքորոշում արտահայտեն այս կամ այն անհատի վերաբերյալ, ով հավակնում է երկիր ղեկավարել, ուրեմն պետք է կարևորվի այդ անձնավորության, նրան շրջապատող բոլոր հանգամանքների ամբողջությունը` զուտ գործնական հատկանիշները, անձնական կերպարը, միջազգային հեղինակությունը, գիտելիքների պաշարը, թե չէ` որպես անձ, մենք որևէ մեկի հանդեպ անհարգալից վերաբերմունք չունենք»,- ասաց նա:
Պատգամավորը նաև նշեց, որ դեռ չի մտածել` ինչ հարց կտա Սարգսյկանին հանդիպման ժամանակ: «Չեմ գտնում, որ ցանկացած պատգամավոր ինչ-որ հարց պետք է տա: Ես կարող է ոչ մի հարց չտամ, բայց ուրիշների տված հարցերի պատասխաններից ինձ համար դատողություններ անեմ: Ինձ համար` թե' որպես քաղաքացու, թե' որպես «Ծառուկյան» դաշինքի պատգամավորի, կարևորն այն է` անկախ նրանից, թե ով կլինի այդ մարդը, աշխատի ի շահ ՀՀ բնակչության, ի շահ մեր երկրի հզորացման, բարգավաճման, թե չէ` անխոցելի, անթերի մարդիկ չկան` սկսած ինձանից»,- եզրափակեց Պետրոսյանը: