կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-27 12:30
Քաղաքական

ՀՅԴ-ն և «Ծառուկյան» դաշինքը պետք է հստակեցնեն` ինչպես են քվեարկելու վարչապետի ընտրության ժամանակ. Նիկոլ Փաշինյան

ՀՅԴ-ն և «Ծառուկյան» դաշինքը պետք է հստակեցնեն` ինչպես են քվեարկելու վարչապետի ընտրության ժամանակ. Նիկոլ Փաշինյան

«Մարիոթ» հյուրանոցում մեկնարկել է «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը:

Նշենք, որ երեկ նա Հանրապետության հրապարակում Կարեն Կարապետյանին հրավիրեց «Մարիոթ»` բանակցելու: Այսօր պարզ դարձավ, որ Կարեն Կարապետյանը հրաժարվել է այդ հանդիպումից:

«Հանրապետական կուսակցությունում լիակատար անորոշություն է: Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ առանց նախապայմանների բանակցություններին համաձայն են, բայց, ինչպես տեսնում եք, չեն մասնակցում: Կարեն Կարապետյանը վստահ չէ իր բանակցային ուժերին: Եթե նա վստահ չէ իր բանակցային ուժերին երկրի ներսում, ինչպե՞ս է բանակցելու Արցախի հարցում»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ հայտարարել են իրենց դիրքորոշման մասին:  «Այս փուլում ժողովրդի հաղթանակը պետք է դե յուրե ևս գրանցվի: Եթե վարչապետի պաշտոնում լինի ՀՀԿ-ական, այս ճգնաժամը չի հաղթահարվի, մենք մեր խաղաղ անհնազանդությունը կշարունակենք և կփորձենք բացատրել Հանրապետականին, օրինակ` Կարեն Կարապետյանին, ինչպես բացատրեցինք Սերժ Սարգսյանին»,- ասաց նա:

Փաշինյանը հայտարարեց, որ կոչ են անում հարյուրհազարավոր քաղաքացիներին` մայիսի 1-ին` առավոտյան ժամը 8-ից, հեղեղել Երևանի փողոցները:

Հարցին` ի՞նչ դիրքորոշում են հայտնել ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցությունները, արդյո՞ք կքվեարկեն իր օգտին, նա պատասխանեց. «Ակնկալում եմ, որ ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցությունները հստակ կհայտարարեն, թե ինչպես են պատրաստվում քվեարկել: Պետք է այսօր կամ վաղը հայտարարեն»:

Դիտարկմանը` անգամ ՀՅԴ-ի և «Ծառուկյան»  դաշինքի կողմ քվեարկելու դեպքում ձայները չեն բավարարում, որ ինքը վարչապետ ընտրվի, Փաշինյանն արձագանքեց: «Ես կարծում եմ`  պետք է բոլոր պատգամավորների հեռախոսահամարները հրապարակվեն, և քաղաքացիները հնարավորություն ունենան այս հարցի շուրջ իրենց պատգամավորների հետ զրուցելու»: