կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-30 11:18
Քաղաքական

Ամառանոց՝ Սևանում, առանձնատուն՝ Ձորափի փողոցում. ի՞նչ կունենա նոր նախագահը

Ամառանոց՝ Սևանում, առանձնատուն՝ Ձորափի փողոցում. ի՞նչ կունենա նոր նախագահը

ՀՀ արդարադատության նախարարությունը պաշտոնական շրջանառության մեջ է դրել «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այս նախագծով կարգավորում է պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքներին առնչվող հարաբերությունները, սահմանում է պետական պաշտոններ զբաղեցրած անձանց, իսկ պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու դեպքում՝ նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքները:

Համաձայն նախագծի՝ հանրապետության նախագահի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը սահմանում է հանրապետության նախագահը, այն չի կարող գերազանցել 180-ը: ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով` հանրապետության նախագահի աշխատակազմը կարող է ունենալ պահուստային ֆոնդ՝ ոչ ավելի, քան տարեկան 75 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով: Պահուստային ֆոնդի միջոցները տնօրինում է հանրապետության նախագահը:

Նախագծով` ՀՀ նախագահի նստավայրը կլինի Երևանում՝ Մաշտոցի 47 հասցեում: Նոր նախագահի ծառայողական առանձնատունն էլ կլինի Ձորափի 74 հասցեում (4-րդ մասնաշենք): ՀՀ նոր նախագահին Սևանի թերակղզում կտրվի պետական ամառանոց ՝ ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ:

Նոր նախագահին կտրվի հատուկ նշանակության ավտոտրանսպորտ: Նախագահի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ:

Նախագծի համաձայն՝ հանրապետության պաշտոնաթող նախագահի համար, բացառությամբ պաշտոնանկության դեպքի, նշանակվում է հատուկ կենսաթոշակ` հանրապետության նախագահի` օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսի չափով:

ԱԺ-ում նախագծի ընդունման դեպքում՝ օրենքն ուժի մեջ կմտնի հանրապետության  նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնման օրը: