կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-01 20:47
Տնտեսական

Կաթիլային ոռոգման համակարգը փրկություն է, դա է ապագան․նախարար

Կաթիլային ոռոգման համակարգը փրկություն է, դա է ապագան․նախարար

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ: Նախարարին ուղեկցում էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը, ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը և պաշտոնատար  այլ անձինք:

 Նախարարը մասնավորապես այցելել է Ապագա, Երասխահուն, Արևիկ, Մրգաշատ համայնքներ, հանդիպել ֆերմերների հետ, լսել նրանց հուզող խնդիրները:

 Ապագա  համայնքում գյուղացիները նախարարին պոմպի տեղադրման, վերամշակողների հետ խաղողի մթերման պայմանագրերի կնքման հարցեր են ներկայացրել: Նախարարի խոսքով` արդեն կառավարության քննարկմանն է ներկայացվել վերամշակող ընկերություններին մատչելի պայմաններով վարկերի տրամադրման ծրագիրը, որից օգտվելու համար վերամշակողներին պայման է առաջադրվել` գյուղացիական տնտեսությունների հետ աշխատել բացառապես պայմանագրերի միջոցով: Ծրագրի հաստատումից հետո ֆերմերների հետ կկնքվի եռակողմ պայմանագիր, որը հնարավորություն կտա կարգավորել մթերումների գործընթացը:

 Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն էլ խոստացել է` Ապագայում  նոր պոմպ կտեղադրեն, եթե գյուղապետը երաշխավորի, որ  ոռոգման պատճառով անմշակ մնացած հողերը կմշակվեն:

 Երասխահուն, Արևիկ,  Մրգաշատ համայնքներում գյուղացիներին հուզող գլխավոր հարցը դարձյալ ոռոգումն է: Երասխահունի գյուղապետ Արմեն Ավետիսյանի խոսքով` համայնքում գյուղատնտեսական նշանակության հողերի ընդհանուր տարածքը 755 հեկտար է, որից 250 հեկտարը չի ոռոգվում: Արևիկում գյուղատնտեսական նշանակության հողերից մոտ 150-170 հեկտարն է անմշակ  մնում, իսկ 300-320 հեկտարի ոռոգումն իրականացվում է թերի:  

 Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը խոստացել է հնարավորինս կարճ ժամկետում լուծել նաև Մրգաշատում պոմպի տեղադրման հարցը, ինչը ոռոգելի կդարձնի շուրջ 120 հեկտար տարածք:

 Գյուղացիների հետ զրույցում նախարար Իգնատի Առաքելյանը խորհուրդ է տվել անցնել կաթիլային ոռոգման` տեղեկացնելով, որ այդ նպատակով նախարարությունը պետական աջակցության ծրագիր է մշակել: Այս համակարգը հնարավորություն կտա արդյունավետ օգտագործել ջրային և հողային ռեսուրսները, շուրջ  40%-ով կրճատել ջրի ծախսը, ապահովել շուրջ 40%  բերքատվության աճ, բերքի որակի բարելավում, ընդլայնել մշակովի հողատարածքները:   

 Ծրագրի շրջանակում հողօգտագործողներին կտրամադրվեն տարեկան 2% տոկոսադրույքով, 3 տարի մարման ժամկետով վարկեր:

 «Կաթիլային ոռոգման համակարգը փրկություն է, դա է ապագան»,-վստահ է նաև Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը: Նրա կարծիքով` Գյուղատնտեսության նախարարության առաջարկած պայմաններն իդեալական են, որպեսզի գյուղացին անցնի ոռոգման այդ համակարգին: