կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-23 13:09
Տնտեսական

Որքան և ում աշխատավարձից կպահեն հարկային օրենսգրքի փոփոխությունների հետևանքով

Որքան և ում աշխատավարձից կպահեն հարկային օրենսգրքի փոփոխությունների հետևանքով

Հարկային օրենսգրքի սահմանած նոր դրույթներն իրենց ազդեցություն կթողնեն վարձու աշխատողների աշխատավարձերի վրա: Այսօր լրագրողների հետ հանդիպեց ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի անդամ Վահագն Համբարձումյանը՝ պարզաբանելով, թե  փոփոխությունների հետևանքով ով է շահելու, ով ՝ տուժելու:

Համբարձումյանի խոսքով՝ Հայաստանում կա 600 000 վարձու աշխատող, և օրենքի փոփոխությունը բացասաբար է ազդելու նրանց միայն 10 տոկոսի վրա: Ըստ նրա՝ տուժելու են նրանք, ովքեր 279 000 դրամից ավելի աշխատավարձ են ստանում: «600 000 աշխատողների 90 տոկոսը 279 000 դրամից պակաս աշխատավարձ է ստանում, ինչը նշանակում է, որ որոշակի չափով նրանց «մաքուր» աշխատավարձը կավելանա: Այսինքն՝ քանի որ եկամտահարկը նվազել է, «մաքուր» աշխատավարձը բարձրել է, օրինակ` 150 000 դրամ աշխատավարձ ստացողի գումարը կավելանա 2500 դրամով: Այն, որ 90 տոկոսը 279 000 դրամ աշխատավարձ է հայտարարագրել, պարզ է, որ մասնավոր ոլորտի աշխատավարձերի թերհայտարարագրման հետևանքն է: Ի դեպ, թերհայտարարագրումը չի կառավարվում, ինչը մեծ խնդիր է»,- ասաց Համբարձումյանը:

Իսկ ինչ վերաբերում է 279 000 դրամից բարձր աշխատավարձ ստացողներին, ապա նրանք էլ, Համբարձումյանի հավաստմամբ, շատ քիչ են տուժում, օրինակ` 300 000 դրամ աշխատավարձ ստացողից պահում կկատարեն 420 դրամ, 500 000 դրամ աշխատավարձի դեպքում՝ կպահվի 4400 դրամ, իսկ 800 000 դրամ աշխատավարձի դեպքում՝ 10 000 դրամ: Նրա խոսքով՝ ստացվում է, որ օրենքի փոփոխության հետևանքով վարձու աշխատողների միայն 10 տոկոսի վրա է բեռ ավելացել:  

Դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ քննարկվում է նաև հարցը՝ եկամտահարկը կրկին իջեցնել մինչև 20 տոկոս, Համբարձումյանն արձագանքեց, որ, այո, քննարկվում է այս հարցը, սակայն պետք է հասկանալ՝ ինչի հաշվին են այն նվազեցնելու, և արդյո՞ք պատրաստ են այս գումարը համալրել այլ հարկերով, օրինակ` սպառողական հարկով:

Հարցին, թե արդյո՞ք չի քննարկվել նվազագույն աշխատավարձի շեմը բարձրացնելու խնդիրը, Համբարձումյանը պատասխանեց, որ ոչ, թեև ինքը կողմ է դրան: