կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-11 11:38
Հասարակություն

Աջակողմյան տրանսպորտային միջոցների նկատմամբ սահմանափակումն ընդունվեց կոմպրոմիսային լուծմամբ

Աջակողմյան տրանսպորտային միջոցների նկատմամբ սահմանափակումն ընդունվեց  կոմպրոմիսային լուծմամբ

Այսօր կառավարության նիստում  տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրեց վերջին ամիսներին շատ քննարկված «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» նախագիծը։ Նախատեսվում է արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների հաշվառումը և շահագործումը 2018թ. ապրիլի 1-ից։

Նշված սահմանափակումը չի տարածվելու մինչև 2018թ. ապրիլի 1-ը ներմուծված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների սեփականատերերի սեփականության իրավունքի վրա, և նրանք, ըստ նախագծի, կարող են ազատ շահագործել, հաշվառել ու վերահաշվառել իրենց աջակողմյան տրանսպորտային միջոցները։

Ըստ նախարարի` Հայաստանում, ՃՈ երթևեկության ապահովման օրենքի համաձայն, սահմանված է աջակողմյան ճանապարհային երթևեկություն: Դրանով պայմանավորված` Հայաստանում ճանապարհային երթևեկության կանոնները, ճանապարհային նշանները, գծանշումները, լուսացույցերը սահմանված են ձախակողմյան ղեկային կառավարմամբ տրանսպորտային միջոցների համար։ Ուստի աջակողմյան տրանսպորտային միջոցների շահագործումը վտանգ է ներկայացնում ճանապարհային երթևեկության համար, պարունակում ճանապարհային պատահարների ռիսկեր։ Այդ պատճառով մշակվել է հիշյալ փոփոխությունը։

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հարցրեց. «Ճի՞շտ ենք հասկանում, որ տրված լուծումներով` ով այժմ ունի աջակողմյան տրանսպորտային միջոց, որևէ սահմանափակման չի ենթարկվում, կարող է օգտագործել, օտարել, տնօրինել մեքենան»։

Նախարարը նշեց, որ այդպես է` մինչև 2018թ. ապրիլի 1-ը ձեռք բերված աջակողմյան մեքենաները կարող են շահագործել, վաճառել, հաշվառել։

Փոխվարչապետը հարցրեց, թե արդյո՞ք կան վիճակագրական տվյալներ, փաստեր` այս որոշման հիմքում ընկած, որ մտահոգությունները տեսական չեն։

Նախարարը պատասխանեց, որ մտահոգությունները ելնում են թե' օրենքից, թե' վիճակագրական փաստերից, ոստիկանության ու ապահովագրական ընկերությունների տված փաստերից, որոնք ապացուցում են, որ աջակողմյան տրանսպորտային միջոցների վթարկների քանակը 28 տոկոսով ավելի է, իսկ այդ պատահարներից վիրավորների թիվը 39 տոկոսով է ավելի։

Որոշումն ընդունվեց։