Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մարտի 7-ին Հայ Հեղափոխական Դաշնակցության կողմից ԱՀ նախագահի թեկնածու առաջադրված Դավիթ Իշխանյանը և Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուներ Արթուր Մոսիյանը, Լեռնիկ Հովհաննիսյանը նախընտրական հանդիպումներ են ունեցել Շահումյանի շրջանի մի շարք գյուղական համայնքների և շրջկենտրոն Քարվաճառի բնակիչների հետ: Նոր Գետաշեն, Նոր Էրքեջ, Նոր Բրաջուր, Վերինշեն համայնքների ընտրողների հետ հանդիպումներից առաջ, Դաշնակցության թեկնածուները նախ ծաղիկներ են խոնարհել Արցախյան ազատամարտում նահատակված քաջորդիներին նվիրված հուշակոթողներին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին:
Ընտրողների հետ հանդիպումների ընթացքում թեկնածուները ներկայացրել են Դաշնակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթները, ապա անդրադարձել վերաբնակեցվող Շահումյանի շրջանին մտահոգող խնդիրներին: Այդ համատեքստում նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանը նշել է, որ ըստ Դաշնակցության տեսլականի՝ խորքային ու համակարգային վերաբնակեցման քաղաքականության գոտում է ընդգրկվելու Արցախի Հանրապետության ամբողջ տարածքը:
Անդրադառնալով ճանապարհների բարեկարգման խնդրին, նախագահի թեկնածուն տեղեկացրել է, որ դեռևս պետբյուջեի քննարկման ժամանակ, «Դաշնակցություն» խմբակցության կողմից ներկայացրած փաթեթի հիման վրա՝ քաղաքաշինության նախարարությունում արդեն պատրաստվել են Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի ասֆալտապատման նախագծա-նախահաշվային փաստաթղթերը: Ըստ այդմ, ասֆալտապատման շինաշխատանքերի մեկնարկը նախատեսվում էր այս տարի, իսկ հստակ ժամանակացույցն առայժմ անորոշ է: Ի պատասխան Շահումյանի բնակիչների հարցադրմանը, իր խոսքում Դ. Իշխանյանը կարևորել է նաև բնապահպանական խնդիրների լուծումները, որոնք Դաշնակցության նախընտրական ծրագրի համաձայն, բնական ռեսուրսները խնայողաբար օգտագործելու շնորհիվ հնարավորություն կընձեռեն նաև սերունդերին փոխանցել:
Շրջանի համայնքերում բնակիչները հետաքրքրվել են նաև Դաշնակցության՝ սոցիալ-տնտեսական, կոռուպցիայի դեմ պայքարին, կրթամշակութային, բազմազավակ և երիտասարդ ընտանիքների աջակցության, բնակարանաշինության, ինչպես նաև Արցախյան հիմնախնդրի կարգավորմանը, այդ համատեքստում նաև ազատագրված բնակավայրերի ճակատագրին վերաբերող ծրագրերով:
Նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանը և պատգամավորի թեկնածուներ Ա. Մոսիյանը, Լ. Հովհաննիսյանը պատասխանելով ընտրողների հարցադրումներին, նշել են, որ Դաշնակցությունը պարբերաբար հանդիպելով բնակչության հետ, քաջատեղյակ է հանրապետության բնակավայրերի առանձնահատկություններին ու խնդիրներին: Դրանց հիմնական լուծումը Դաշնակցությունը տեսնում է նախընտրական ծրագրում տեղ գտած դրույթի շրջանակներում, ըստ որի նախատեսվում է Արցախի բոլոր բնակավայրերի համաչափ զարգացում և ներդրումների համաչափ բաշխում: Ինչ վերաբերում է մասնավորապես Շահումյանի շրջանին, ապա նրա բնակավայրերի զարգացման վերաբերյալ տեսլականը հստակ ուրվագծեր ունի: Շրջանում առկա խնդիրները, դրանց լուծման ուղիներն ու զարգացման հնարավորությունները ուսումնասիրելու և հայեցակարգային, ռազմավարական ծրագիր մշակելու նպատակով Դաշնակցությունը մասնագետների ներգրավմամբ ուսումնասիրություններ է անցկացրել ու լուծման ուղիներ նախանշել:
Հանդիպումներին կայացած անկեղծ ու անմիջական երկխոսության ընթացքում ընտրողները խոստովանել են, որ Շահումյանի շրջանում մշտապես զգացվել է Դաշնակցության գործնական ներկայությունը, որը դրսևորվել է մի շարք խնդիրների լուծմամբ. որոշ համայնքերում կառուցվել են դպրոցներ, լուծվել սոցիալական խնդիրներ:
Նախընտրական հանդիպման եկած թեկնածուներին աղուհացով դիմավորեցին Քարվաճառում: Շրջկենտրոնի և հարակից գյուղերի բնակիչների համար Դաշնակցությունը նաև անակնկալ է մատուցել՝ կանանց տոնական միամսյակի առթիվ: Քարվաճառի Վիլյամ Սարոյանի անվան միջնակարգ դպրոցի բակում համերգային ծրագրով է ներկայացել «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համույթն ու մեներգիչներ: Ռազմահայրենասիրական և ազգագրական երգ ու պարին ինքաբուխ միացան նաև փոքրիկ քարվաճառցիները: