Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի նոր ցանցի վերջնական նախագծի վերաբերյալ հարցեր են քննարկվել հանրային տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի հանդիպման շրջանակում: Աշխատանքային խմբում ներգրավված են քաղաքապետարանի աշխատակիցներ, Երևանի ավագանու անդամներ, հասարակության ներկայացուցիչներ, փորձագետներ:
Նիստը վարող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ անցած ամիսներին քաղաքային իշխանությունները ծանոթացել են տրանսպորտային նոր ցանցի նախագծումն իրականացրած WYG խորհրդատվական ընկերության առաջարկությունների փաթեթին, ուղևորահոսքի հաշվետվությունների վերաբերյալ ներկայացրել են առաջարկներ: Դրանից հետո խորհրդատու կազմակերպությունը տրամադրել է վերջնական նախագիծը:
«Այս վեց ամիսների ընթացքում մենք փորձել ենք հասկանալ ընդհանուր մոտեցումը, թե ինչ ուղղությամբ ենք առաջ շարժվելու: Տրանսպորտային այս համակարգի ողջ պատասխանատվությունը գործող իշխանությունների ուսերին է, այդ իսկ պատճառով մենք մի փոքր նաև զգուշավոր ենք, որպեսզի ճիշտ որոշում կայացնենք, քանի որ այս պահին գործող տրանսպորտային համակարգն էլ լավ վիճակում չէ, խնդիրներ ունենք»,- նշել է Հրաչյա Սարգսյանը:
Կարևորելով մասնագիտական խմբի հետ ակտիվ աշխատանքը՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը նոր երթուղային ցանցի շահագործման չափորոշիչների վերաբերյալ ակնկալել է ներկայացնել առաջարկներ, ինչի արդյունքում էլ հնարավոր կդառնա հաշվարկել վերջնական սակագինը:
«Մենք հասնում ենք արդեն վերջնական փուլին, որտեղ պետք է իրականացվեն տարբեր հաշվարկներ՝ կապված այդ չափորոշիչներից: Վերջին հաշվետվության մեջ կա նաև հաշվարկված սակագին, բայց դա ընդհանուր բնույթի հաշվված սակագին է և դրանում հաշվարկված չեն այն չափորոշիչները, որը քաղաքը ցանկանում է ունենալ: Դրանք են անմիջական ազդեցություն ունենալու սակագնի ձևավորման վրա»,- նշել է քաղաքաետի առաջին տեղակալը:
Հարցուպատասխանի ընթացքում աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են նաև իրենց առաջարկներն ու դիտարկումները՝ նոր երթուղային ցանցի սպասարկման, նախատեսվող ավտոբուսների տեխնիկական հնարավորությունների, սակագնի հաշվարկման, էլեկտրատրանսպորտի զարգացման, մասնավորապես, տրոլեյբուսների ցանցի արդիականացման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:
Ներկայումս գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն տրանսպորտային նոր ցանցով առաջարկվում է 42-ը, էապես կնվազի նաև տրանսպորտային միջոցների քանակը: Կգործարկվի 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս: Ավտոբուսների քանակի մեջ ներառված են նաև պահուստային միջոցները, որոնք ընդհանուրի 15 տոկոսն են կազմում: Ավելի քան երեք անգամ կրճատվելու է նաև ցանցի երկարությունը: Սա չի նշանակում, որ նվազելու է ծածկույթը, պարզապես նվազելու են կրկնվող գծերը: Սրա շնորհիվ հնարավորություն կլինի ցանցի կիրառման և շահագործման ընթացքում լուրջ խնայողություններ անել, ինչն էապես կթեթևացնի սակագնային բեռը:
Ամփոփելով նիստի արդյունքները՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը նշել է, որ վերջնական լուծում ունենալու համար առաջիկայում նման քննարկումները կկրեն հաճախակի բնույթ: