կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-25 12:42
Հասարակություն

Եղանակային պայմաններով պայմանավորված հրդեհը բացառում եմ. Մինասյանը` Խոսրովի անտառի հրդեհի մասին

Եղանակային պայմաններով պայմանավորված հրդեհը բացառում եմ. Մինասյանը` Խոսրովի անտառի հրդեհի մասին

Ըստ նախնական հաշվարկների՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհի մեջ ընդգրկված ընդհանուր տարածքը կազմում է մոտ 2200 հա, որից` չվառված տարածքը 365 հա է, շատ քիչ վառվածը՝ 525 հա, միջին վառվածը՝ 1200 հա, շատ վառվածը` 110 հա. լրագրողներին ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

«Հրդեհված տարածքում գտնվող կաղնու անտառները քիչ են վնասվել, հիմնականում վնասվել են գիհու նոսր անտառները և խոտածածկը»,- ասաց  նա:

Արծվիկ Մինասյանը նշեց, որ անտառների պահպանությունն առաջնային է լինելու, փոխվելու է սկզբունքը, և անտառները չեն շահագործվելու, որպեսզի պահպանվեն:

Նախարարը նշեց, որ կարևոր է ոչ միայն հրդեհի պատճառահետևանքային լիարժեք բացահայտումը, այլև` եթե կան մեղավորներ, նաև նրանց բացահայտումը, որպեսզի հետագայում բացառվեն նման դեպքերը:

Հարցին` հրդեհի պատճառը մարդկային գործո՞նն էր, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ հարուցված քրեական գործերը հսկողության տակ են: «Ես եղանակային պայմաններով պայմանավորված հրդեհը բացառում եմ, իսկ թե ի՞նչ է տեղի ունեցել, գործի քննությունը կբացահայտի»,- ասաց նա:

Նախարարը ևս մեկ անգամ նշեց, որ եթե չկարողանան հստակ պատճառահետևանքային կապը տեսնել, պայքարը չեն կարող կազմակերպել: «Ամենաշահագրգռված կողմը, որ  հրդեհի պատճառը բացահայտվի, կառավարությունն է»,- նշեց նա:

Հարցին էլ` դիտավորությունը բացառո՞ւմ է, պատասխանեց. «Ես ոչ մի փաստ չեմ բացառում` ո'չ դիտավորությունը, ո'չ անմեղություն, բայց հարցը գտնվում է քրեաիրավական գնահատման դաշտում»: