կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-17 20:30
Քաղաքական

6 տարի աշխատել եմ, արգելոցից 1 թիզ հող չեմ տվել․ «Խոսրովի անտառի» փոխտնօրենին հեռացրել են աշխատանքից

6 տարի աշխատել եմ, արգելոցից 1 թիզ հող չեմ տվել․ «Խոսրովի անտառի» փոխտնօրենին հեռացրել են աշխատանքից

5-6 ամիս Ռոմանոս Պետրոսյանն ընկած էր իմ հետեւից։ Ճնշում էին գործադրում՝ բոլոր հնարավոր ձեւերով, նույնիսկ սպառնում էին։ Ամենաստոր ճանապարհով հեռացրին ինձ աշխատանքից։ Դե բնական է, ես կուսակցական չեմ, երբեւէ չեմ եղել. Yerkir.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Խոսրովի անտառ» պետական արգելոցի փոխտնօրեն Վահե Միրզոյանը, որն օրերս ազատվել է աշխատանքից։

«6 տարի աշխատել եմ, արգելոցից 1 թիզ հող չեմ տվել։ Գործից ազատում են նրանք, ովքեր մեր հայրենիքի մի մասը հանձնեցին թշնամուն։ Մինչեւ Ռոմանոս Պետրոսյանի նախարար նշանակվելը «Խոսրովի անտառը» ուներ փոխտնօրենի միայն 1 հաստիք, որը ես էի զբաղեցնում։ Ռոմանոս Պետրոսյանը եկավ, ավելացրեց փոխտնօրենի 2-րդ հաստիքը, նշանակեց իր մերձավորին։ Մի քանի ամիս անց իմ հաստիքը համարում է ավելորդ։ Նկատեք, խնդրում եմ, ավելորդ են համարում ոչ թե նորանաշանակ փոխտնօրենի հաստիքը, այլ շուրջ 6 տարվա աշխատակցի, այսինքն՝ իմ»,- մանրամասնեց Միրզոյանը։

Նշենք, որ օրեր առաջ Միրզոյանը լրատվամիջոցներից մեկին հարցազրույց էր տվել եւ հայտնել, որ փետրվարի 9-ին արգելոցի խորհրդի նիստ է տեղի ունեցել եւ, իր հավաստի տեղեկություններով, օրակարգում կրկին հաստիքացուցակ փոխելու, որոշ աշխատակիցների աշխատանքից ազատելու հարցն է եղել։ Նա նշել էր, որ այդ աշխատակիցներից մեկը հենց ինքն է լինելու։ Նա նաեւ ասել էր, որ Շրջակա միջավայրի նախարարությունը, ի դեմս Ռոմանոս Պետրոսյանի, հետապնդում է՝ փորձելով անհիմն աշխատանքից ազատել:

«Ռոմանոս Պետրոսյանի խորհրդականը՝ Հովհաննես Մարտիրոսյանը, որոշ ժամանակ առաջ նախարարի անունից կանչում է իր մոտ, ասում․ «Լավ ձեւով դիմումդ գրի գնա, թե չէ՝ ամեն ինչ կանենք, որ դատվես»։ Հարցնում եմ՝ ինչի՞ համար դիմում գրեմ, ասում է՝ նախարարի ցանկությունն է, ինքը Պետրոսյանի անունից է խոսում։ Հետապնդումները, իմ դեմ արշավը սկսվեցին այն բանից հետո, երբ Ռոմանոս Պետրոսյանը դարձավ նախարար։ Ամեն ինչ արեցին՝ ինձ վրա կեղտ գտնելու համար, բայց չգտան։ Ես բարեխիղճ աշխատող եմ, յուրաքանչյուր աշխատակից կվկայի այդ մասին, շուրջ 6 տարի է՝ աշխատում եմ արգելոցում։ Երբ տնօրենի տեղակալի՝ գիտության և պահպանության գծով 2 հաստիքները կրճատվեցին, նշանակվեցի ընդհանուր գծով փոխտնօրեն։ Ռոմանոս Պետրոսյանի գալուց հետո կրկին հաստիքացուցակ փոխվեց, ավելացվեց տնօրենի տեղակալի ևս մեկ հաստիք։ Հիմա ամեն գնով, ինձ համար անհասկանալի պատճառներով՝ նախարարը հետապնդում է ինձ։ Երբևէ քաղաքականության մեջ չեմ եղել, որևէ կուսակցության չեմ հարել, ենթադրում եմ՝ պատճառը հենց սա է»,- նշել էր  Վահե Միրզոյանը:

Վերջինս նաև փաստել էր, որ իր աշխատանքային գործունեության ընթացքում արգելոցում բազմիցս աուդիտ է իրականացվել եւ իր մասով որևէ իրավախախտում չի արձանագրվել։ Ըստ նրա՝ վերջին աուդիտն անձամբ Ռոմանոս Պետրոսյանն է ուղարկել. «Արգելոցի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Բորիս Բաղդասարյանին, ում հենց Ռոմանոս Պետրոսյանն էր նշանակել աշխատանքի, ստիպում էին հեռացնել ինձ արգելոցից։ Անգամ անձամբ Պետրոսյանը եկել է արգելոց և հերթական անգամ բարձրացրել ինձ աշխատանքից ազատելու հարցը։ Տնօրենին ամեն օր ճնշում էին։ Սակայն Բաղդասարյանը, մինչև իր պաշտոնավարման ավարտը, չգնաց այդ քայլին, որովհետև հիմք չուներ»,- ասել էր արգելոցի նախկին փոխտնօրենը։