Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ երեկ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի և դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի՝ «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությանը ներկայացված լինելու առթիվ երեկ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն:
Yerkir.am-ի հարցին, թե այդ տարիքում, երբ մի շարք մրցանակներ է ստացել, հաղթանակն ի՞նչ արժեք ունի իր համար, Մանսուրյանը պատասխանեց, որ բացարձակապես չի ուզում ո'չ սպասել, ո'չ հուսալ: «Այնպես որ՝ ասեմ, թե այդ առիթով ապրումներ ունեմ, մի քիչ չափազանցված կլինի, ուղղակի ուրախ եմ, որ երկու հայ նոմինացվել է «Գրեմմի»-ի: Հնարավոր է՝ չլինի, իհարկե, բայց գիտեք ինչ՝ կյանքը այնպիսի բան է, լինում է, որ ստացվում է, լինում է՝ չի ստացվում, պետք է երկու ուղղությամբ էլ լինել սթափ, հանդուրժող: Գերադասելին, իհարկե, ստանալն է»:
Մաեստրոն նշեց նաև, որ իր տարիքում, սովորաբար, այնպես է լինում, որ մրցույթների նկատմամբ հետաքրքրությունը նվազում է: «Ես տարեց մարդ եմ արդեն, սրանք երիտասարդության տարիքի անսպասելի մեծ ուրախություններ են: Հասկանո՞ւմ եք` նույն բանը չէի զգա, եթե երիտասարդ լինեի: Իմ հաղթանակը… Եթե ես հաղթեմ հիմա, գիտեմ, որ մեր նոր սերնդին «ծանր կացության» մեջ եմ դնելու, քանի որ նրանք պետք է աշխատեն, որ իրենք էլ հասնեն դրան, որովհետև դա արդեն նվաճված է, պետք է չափվեն այդ բարձր ձեռքբերումով»:
Մաեստրոն իր խոսքն ամփոփեց՝ ասելով, որ չի ուզում ո՛չ սպասել, ո՛չ հուսալ:
Հիշեցնենք, որ Մանսուրյանի «Ռեքվիեմ» ստեղծագործությունը ներկայացված է «Գրեմմի»-ի երկու անվանակարգերում՝ «Լավագույն երգչախմբային ներկայացում» և «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն»: Իսկ Օրբելյանը երգիչ Դմիտրի Խվորոստովսկու հետ «Գրեմմի»-ի թեկնածու է «Լավագույն դասական սոլո վոկալ ալբոմ» անվանակարգում ներկայացված «Սվիրիդով. հեռացող Ռուսաստան» սկավառակի համար։